23-ամյա Քերեմ Եթգինին հայաստանյան դատարանի առջև կկանգնի հայ-թուրքական պետական սահմանն ապօրինաբար հատելու համար: Գործը քննվելու է Արարտի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Լևոն Արազյանի նախագահությամբ:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ նա, 2015 թվականի հուլիսի 15-ին հասնելով հայ-թուրքական պետական սահման, ժամը 07:00-ի սահմաններում, ՀՀ Արարատի մարզի Եղեգնավան համայնքի վարչական տարածքով ապօրինի` առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության, հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը և մուտք է գործել Հայաստանի Հանրապետության տարածք: Սակայն նույն օրը հայտնաբերվել է ՀՀ-ում Ռուսաստանի սահմանապահ զորքերի զինծառայողների կողմից:
Քերեմ Եթդինին մեղադրանք է առաջադրված Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի առաջին մասովին՝ առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելը, որի դեպքում անձը պատժվում է տուգանքով՝ 100-200 հազար դրամի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Նա բնակվել է Անթալիա նահանգի Ալանյա քաղաքում:
Նշենք, որ ամբաստանյալի հանդեպ խափանման միջոց ընտրված է կալանավորումը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: