Անուշավան Ավագյանը դատարան ներկայացրած հայցադիմումով պահանջել է անվավեր ճանաչել Ճանապարհային ոստիկանության որոշումը: Վարորդը լուսացույցի կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելու համար ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124.3-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով 18.03.2015 թվականին ենթարկվել է 20.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանքի: Գործը քննել է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը դատավոր Ռաֆիկ Խանդանյանի նախագահությամբ:
Հայցվորը դատարան ներկայացրած հայցադիմումով և նրա ներկայացուցիչը դատաքննության ժամանակ հայտնել են, որ 2015թ մարտի 18-ին՝ ժամը 11:00 սահմաններում Անուշավանը, վարելով «Օպել» մակնիշի ավտոմեքենա, Երևան քաղաքի Պռոշյան փողոցում և Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում լուսացույցի կարմիր լույսի առկայությամբ կանգ է առել ու լուսացույցի արգելող կարմիր ազդանշանը փոխվելուց հետո շարունակել ընթացքը: Հաջորդ խաչմերուկում հայցվորին կանգնեցրել է ճանապարհային ոստիկանության տեսուչն և հայտնել, որ իբրև թե Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում խախտել է կանոնները և առաջարկել վերադառնալ Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկ, որտեղ էլ վերագրել է խախտում, այն է՝ մուտք է գործել խաչմերուկ արգելող լույսի առկայությամբ: Հայցվորը հայտնել է իր անհամաձայնությունն և խնդրել ցույց տալ խախտման տեսանյութը, որի ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ ըստ հայցվորի՝ ինքը խախտում չի կատարել: Անտեսելով առարկությունները՝ տեսուչը կազմել է արձանագրություն:
Պատասխանողը հայցադիմումի պատասխան չի ներկայացրել։ Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված պատասխանող կողմը չի ապահովել իր կամ իր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին։
Դատարանը, լսելով Հայցվորին և նրա ներկայացուցչին, գործում եղած ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, գտնում է, որ հայցը ենթակա է բավարարման: Նշվում է, որ ՃՈ-ն կրելով իր որոշման հիմքում դրված փաստական հանգամանքների ապացուցման բեռը, չի ապացուցել իր կողմից կայացված որոշման ընդունման համար հիմք հանդիսացած փաստական հանգամանքների առկայությունը, մասնավորապես` Անուշավան Ավագյանի կողմից լուսացույցի կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելու փաստը:
Արդյունքում դատարանը վճռել է անվավեր ճանաչել տուգանքն ու Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի գումար: