Ինչպես արդեն հայտնել ենք, «Թռչող առագաստ» ՍՊԸ ընկերությունը դատի է տվել «Ա1+» լրատվամիջոցին՝ 2000 թվականին հեռարձակված հաղորդման համար: Ըստ հայցվոր կողմի, 24.09.2000թվականին «Ա1+»-ի հաղորդման ժամանակ նշվում է, որ այդ օրը Իսահակյան 41 հասցեում գտնվող «Առագաստ» սրճարանում կատարվել է մարդասպանություն: Սակայն «Առագաստ» սրճարանի ղեկավարությունը տեղեկացնում է, որ տվյալ հրապարակումը զրպարտություն է:
Բանն այն է, որ վերը նշված իրադարձությունը տեղի է ունեցել «Առագաստ» սրճարանին(որը պատկանում է «Թռչող առագաստ» ՍՊԸ-ին) կից «Պոպլավոկ» սրճարանում (որը պատկանում է «Կարմիր առագաստներ» ՍՊԸ-ին)։ Այս երկու հաստատությունները պատկանում են տարբեր սեփականատերերի, և նրանց գործունեությունը որևէ կապ չունի միմյանց հետ։
Իրավաբան.net-ի հետ զրույցում հայցվորի ներկայացուցիչ, փաստաբան Հասմիկ Փախանյանն ասաց, որ պահանջել են հերքել հրապարակված տեղեկությունը և 1 միլիոն դրամի փոխահատուցում վճարել: Փաստաբանը նշեց, որ այդ 1 միլիոն դրամի մեջ ներառել են նաև փաստաբանական ծախսերը: