Գագիկ Խաչատրյանը բացեց փակագծերը. ի՞նչ կապ ունի իր ընտանիքը ՀԴՄ-ներին անհրաժեշտ թղթեր ներմուծող ընկերության հետ

«ՀԴՄ-ների անհրաժեշտ թղթերի ներմուծմամբ զբաղվում է Ձեր և Ձեր ընտանիքի հետ առնչվող ընկերություն»,- այսօր Ազգային ժողովում, դիմելով ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին, ասաց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ նա հիմք էր ընդունել, իր խոսքերով, մարզերի բնակիչների և գործարարների մտահոգությունները:

Պարոն Փաշինյանը մի քանի հարց ուղղեց նախարարին՝ կապված թիկնապահների թվի ավելացման հետ, նա հղում անելով մամուլին՝ բերեց Դանիայի փորձը:

Գագիկ Խաչատրյանը պատասխանեց. «Եթե մենք համադրվում ենք Դանիայի հետ, ապա պետք է բոլոր պարամետրերով համադրվենք, եթե գանք մեր իրականությանը, բոլոր այդ ծախսերը պետք է նվազեցվեն, որքան քիչ պետական ծախսերն ու պետական ծառայողների հետ կապված ծախսերը լինեն, այնքան ավելի էֆեկտիվություն է ապահովվում»:

Նա նաև անդրադարձավ իր ընտանիքի մասին լուրերին. «Բազմիցս հրապարակումներ են եղել: ՀԴՄ-ների թղթերի հետ կապված որևիցե առնչություն իմ ընտանիքն ու ես չունեմ: Մենք առաջին էտապում, երբ ՀԴՄ կտրոններ էինք թողարկում, շատ կարևոր էր, որ դրանք չկեղծվեն, մրցույթ անցկացրինք, այն մարդիկ, ովքեր մասնակցեցին այդ մրցույթին, պատահականությամբ նրանք ապրում են մեր շենքում ու իրենք առաջարկեցին այն մոդելը, որը մեզ համար ընտրելի էր, հետագայում դուք կարող եք խորանալ ու տեսնել հաշվարկները, որ 10 մլն ՀՀ դրամ շահույթ ունի այդ ձեռնարկությունը: Բացարձակապես անձնական շահ չի կարող հետապնդել: Մենք նման մանր բիզնեսներով գայթակղություն չունենք, այն շատ մանր բիզնես է»,- եզրահանգեց նախարարը:

Նիկոլայ Փաշինյանն արձագանքեց՝ ասելով. «Փաստորեն սենց հասկացանք, մեր կառավարության անդամները մենակ «կռուպնի» բիզնեսով են զբաղվում: Դուք ասում եք, որ պատահականորեն նույն շենքում է գրանցվել, ապա ըստ մամուլի հրապարակումների պատահականորեն գրանցվել է այն բնակարանում, ինչ «Յուքոմ»-ն է գրանցված»,- նշեց պատգամավորը, իսկ նախարարը իր խոսքերով՝ փորձեց բացել փակագծերը. «Այդ երիտասարդը, որը զբաղվել է ՀԴՄ-ների կտրոնով, ինքը այն երիտասարդն է, որը մրցույթային կարգով առաջարկություն է մեզ ներկայացրել, հետագայում ինքը սկսել է աշխատել նաև «Յուքոմ»-ի հետ, այն ժամանակ, երբ որ ինքը զբաղվել է դրանով, դուք կարող եք համոզվել՝ նման բան չկա»,- նշեց նախարարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել