Հաշմանդամների միջնակարգ, միջնակարգ-մասնագիտական և բարձրագույն կրթությունն իրականացվում է ընդհանուր տիպի, իսկ անհրաժեշտության դեպքում` հատուկ ուսումնական հաստատություններում:
Ընդունելության քննությունների ընթացքում հաշմանդամների և մյուս դիմորդների համար հավասար պայմաններ ստեղծելու նպատակով իրականացվում են համապատասխան միջոցառումներ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։
Ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնած հաշմանդամները այլ հավասար պայմանների դեպքում օգտվում են պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն կամ միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվելու առաջնահերթ իրավունքից:
Ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնած 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներն և հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձինք ընդունվում են պետական բարձրագույն կամ միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար համակարգ` վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում:
Վերոնշյալ հիմքերով պետական բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար համակարգում սովորող հաշմանդամ երեխայի, 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամի կարգավիճակ ունեցող անձինք տեղափոխվում են տվյալ ուսումնական հաստատության վճարովի համակարգ, եթե 18 տարին լրանալուց հետո չեն ճանաչվել հաշմանդամ կամ եթե ուսումնառության ընթացքում կատարված բժշկասոցիալական վերափորձաքննության արդյունքներով չեն ճանաչվել հաշմանդամ:
Պետական բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորող անձինք ուսումնառության ընթացքում հաշմանդամ երեխայի կամ 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամի կարգավիճակ ստանալու դեպքում տեղափոխվում են տվյալ ուսումնական հաստատության անվճար համակարգ:
Յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբում հաշմանդամ ուսանողն ուսումնական հաստատության վարչակազմ պետք է ներկայացնի իր հաշմանդամությունը հաստատող փաստաթուղթ:
Պետական բարձրագույն կամ միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունված 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամների և հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձանց ուսուցման ծախսերը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին: Նրանց թվից ցերեկային ուսուցման հաշմանդամներին, հերթական քննությունները և ստուգարքները դրական գնահատականներով հանձնելու դեպքում, վճարվում է կրթաթոշակ` անկախ ստացվող նպաստից կամ թոշակից:
Ուսումնական պարապմունքներ կազմակերպվում են նաև բուժկանխարգելիչ կամ վերականգնողական հիմնարկներում բուժման կուրս անցնող հաշմանդամ երեխաների համար: Ֆինանսավորումը կատարվում է պետական բյուջեի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ժամկետներում:
Աղբյուրը` Իրավաբան.net