Հարուցվել է քրեական գործ՝
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին ծեծելու դեպքի առթիվ։ Այս մասին Իրավաբան.net-ին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության կողմից նոյեմբերի 12-ին հաղորդագրություն է տարածվել զորամասում զինծառայող Ա.Հակոբյանի նկատմամբ կիրառված դաժան վերաբերմունքի մասին, որի հետևանքով վերջինս ձեռք է բերել հոգեկան առողջության լուրջ խնդիր և տեղափոխվել Երևանի կայազորային հոսպիտալ։
Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է սկսվել՝ հաղորդագրության մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու շուրջ։ Հեռախոսակապ է հաստատվել զինծառայողի ազգականի հետ, ով նոյեմբերի 13-ին գրավոր հաղորդում է ներկայացրել՝ Ա.Հակոբյանի նկատմամբ կիրառված բռնության վերաբերյալ։
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչ Ա.Հակոբյանը 16.01.2015թ.
Շահումյանի զինկոմիսարիատից զորակոչվել է ՀՀ ԶՈՒ և ծառայության նշանակվել N զորամասում: Զինվորական երդումն ընդունելուց հետո շարքային Ա.Ա.Հակոբյանը նշանակվել է նույն զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի հետախուզական դասակի ավագ հետախույզ-գնդացրորդի պաշտոնում, իսկ 21.08.2015թ. նույն գումարտակի 4-րդ վաշտում` որպես 1-ին դասակի 1-ին ջոկի նռնականետորդ:
Ծառայության ընթացքում Ա.Ա.Հակոբյանը 5 անգամ ստացիոնար բուժում է ստացել զորամասի բուժկետում: 07.11.2015թ., զորամասի հրամանատարի հրամանի համաձայն, Ա.Հակոբյանը հետազոտման և բուժում ստանալու նպատակով ուղեգրվել է ՀՀ ՊՆ Զանգեզուրի կայազորային հոսպիտալ, այնտեղից` Երևանի կայազորի հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք:
Զինծառայողի ազգականը հայտնել է, որ Ա.Հակոբյանի նկատմամբ բռնություն է գործադրվել նոյեմբերի 6-ի երեկոյան՝ սպայի կողմից։
Նկատի ունենալով, որ վերը նշված հաղորդումներում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի երկրորդ մասով նախատեսված հանցագործության կատարումը մատնանշող բավարար տվյալներ՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչի կողմից նոյեմբերի 13-ին որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մասին։ Զինծառայող Ա.Հակոբյանը ճանաչվել է տուժող։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։