Աչքի անցկացնելով ՀՀ սահմանադրության նոր նախագիծը, որոշ հոդվածներ ինձ մոտ տարակուսանք ու հիասթափություն առաջացրեցին: Ինչպե՞ս կարելի է սահմանադրությունը կազմելիս թույլ տալ կոպիտ սխալներ և պետությանը վերագրել այնպիսի բացառիկ սեփականություն, արգելելով ՀՀ քաղաքացու կողմից դրա ազատ ու անվճար տիրապետումը այն պարագայում, երբ դա ինքնահոս անցնում է թշնամուն: Նշեմ հանգամանորեն, այսպիսով՝
Սեփականության երաշխավորումը
- Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում եւ հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձեւերը:
- Ընդերքը եւ ջրային ռեսուրսները պետության բացառիկ սեփականությունն են:
Նոր սահմանադրությունը ամրագրում է բոլոր կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը առանց անհրաժեշտության դեպքում սահմանափակման հոդվածներ 17 և 41
Պետությունը և կրոնական կազմակերպությունները
- Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը:
- Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից:
Մտքի, խղճի և կրոնի ազատությունը
- Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի, կրոնի ազատության իրավունք: Այս իրավունքը ներառում է կրոնը կամ համոզմունքները փոխելու ազատությունը և դրանք ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ և հրապարակավ կամ մասնավոր կարգով՝ քարոզի, եկեղեցական արարողությունների, պաշտամունքի այլ ծիսակատարությունների կամ այլ ձևերով արտահայտելու ազատությունը:
- Մտքի, խղճի և կրոնի ազատության արտահայտումը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
- Յուրաքանչյուր քաղաքացի, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակաuում է զինվորական ծառայությունը, ունի օրենքով սահմանված կարգով այն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու իրավունք:
- Կրոնական կազմակերպություններն իրավահավասար են և օժտված են ինքնավարությամբ: Կրոնական կազմակերպությունների ստեղծման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով:
Ուղղակի անթույլատրելի է նման բացահայտ խտրականությունը այն պարագայում, երբ այնպիսի իրավունքների իրականացման դեպքում որպիսիք են՝ ազատ տեղաշարժվելու, կարծիքի արտահայտման ազատության, հավաքների ազատությանը և այլ իրավունքները, Սահմանադրությամբ ամրագրված է, որ՝ հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հանցագործությունների կանխման, հասարակական կարգի պաշտպանության, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
Ազատ տեղաշարժվելու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով և այլն:
Ինչո՞ւ չի կարող նախատեսվել հնարավորություն սահմանափակել կրոնական կազմակերպությունների գործունեությունը՝ պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: Կամ սահմանադրորեն ամրագրել սեփականությունն ու միաժամանակ պարտադրել դրանից «հրաժարվելը»՝ հոդված 60՝ Սեփականության իրավունքը: Այսինքն՝ դրանով հնարավորություն է ստեղծվում խեղդելու բոլոր տեսակի բողոքի ակցիաներն ու հասարակական ընդվզումները, որոնք ուղղված կլինեն պետության կողմից կամայականորեն ընդունված որոշումների ի կատար ածման դեմ, որպիսիք են կուտակային կենսաթոշակի, էլեկտրաէներգիայի վարձի և ուղեվարձերի թանկացման դեմ բողոքները: Այսպիսի պարագայում նոր Սահմանադրությունը իմ համոզմամբ չի կարող ծառայել ժողովրդին ու անհասկանալի է մնում դրա ընդունման անհրաժեշտությունը: Չցանկանալով անրադառնալ մյուս դրույթներին ցանկանում եմ միայն ավելացնել, որ անպայմանորեն պետք է Սահմանադրությունը ծառայի ժողովրդին ու պետության անվտանգությանը, այլ ոչ թե ոմանց կարիքները բավարարելուն ու միջազգային հանրությանը հաճոյանալուն:
Անհասկանալի է 91 հոդվածում սահմանված ժամկետների կիրառումը՝
Հոդված 91. Ազգային ժողովի հերթական ընտրությունը
- Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտից ոչ շուտ, քան վաթսուն, և ոչ ուշ, քան հիսուն օր առաջ:
- Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ Ազգային ժողովի ընտրություն չի անցկացվում: Այս դեպքում Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան հիսուն, և ոչ ուշ, քան վաթսունհինգ օր հետո:
Տիգրան Մաթևոսյան
Իրավաբան