ՀՀ կառավարության նոյեմբերի 12-ի նիստի օրակարգում ընգրկված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 25-ի n 1471-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշման նախագիծը: Թիվ 1471-որոշումը կարգավորում է աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրի վարման կարգը և ձևը: Այդ կարգով սահմանվում է աշխատողների աշխատած ժամանակահատվածի վերաբերյալ նշումներ կատարելու համար նախատեսված աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիրը վարելու և պահպանելու կարգը:
Ըստ որոշման նախագծի՝ «Համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 25-ի «Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրի վարման կարգը և ձևը սահմանելու մասին» N 1471-Ն որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:»
Իրավական ակտի անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 25-ի N 1471-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ (ՀՕ-96-Ն), ինչպես նաև ՀՀ վարչապետի 2015 թվականի օգոստոսի 26-ի N 772-Ա որոշման հավելվածի 1-ին կետի պահանջի կատարմամբ:
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
2015 թվականի հոկտեմբերի 22-ից ուժի մեջ է մտել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը (ՀՕ-96-Ն):
Նշված օրենքով Օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրվել է նոր խմբագրությամբ, ինչպես նաև ուժը կորցրած է ճանաչվել Օրենսգրքի 146-րդ հոդվածի 2-րդ մասը:
Վերոնշյալ փոփոխությունների արդյունքում հանվել է գործատուների կողմից ՀՀ կառավարության սահմանած ձևին և վարման կարգին համապատասխան աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր վարելու պահանջը, և փոխարենը գործատուներին հնարավորություն է տրվել հաշվառել յուրաքանչյուր աշխատողի օրական և (կամ) շաբաթական աշխատաժամանակը իրենց նախընտրած ձևաչափով, սակայն այնպես, որ ապահովվի այն տեղեկատվությունը, որով հնարավոր կլինի պարզել Օրենսգրքի 17-րդ գլխով սահմանված նորմերի պահանջների կատարումը: