2012 թվականի ապրիլի 5-ին ՀՀ-ում ԵՄ խորհրդատվական խումբը կազմակերպել էր կլոր-սեղան քննարկում, որի ընթացքում ներկայացրեց պետական ծառայողների մոնիթորինգի միջանկյալ զեկույց:
ՀՀ կառավարությունը դիմել է ԵՄԽԽ հանրային կառավարման բարեփոխումների գծով խորհրդատուին մի շարք հանրային ծառայությունների մոնիթորինգ կատարելու խնդրանքով, մասնավորապես` ընտանեկան նպաստ, կադաստր, հարկային հաշվետվությունների էլեկտրոնային համակարգ, նոտարիատ, քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժին:
Մոնիթորինգի նպատակն է տեղեկություններ հավաքել հանրությանը մատուցվող ծառայությունների վերաբերյալ, վերլուծել ծառայություններ մատուցող կառույցներից հանրության դժգոհությունները, ներկայացնել առաջարկներ բարեփոխումների վերաբերյալ: Հանրային կառավարման բարեփոխումների գծով խորհրդատուի աշխատանքային պլանի համաձայն այս միջոցառումը պետք է իրականացվի 2012թ. հունվար-մայիս ժամանակահատվածում:
Ներկայացված զեկույցների արդյունքում, ՀՀ Կառավարությունը և ԵՄԽԽ-ը նշված հինգ ոլորտներից երկուսում` կադաստրում և ՔԿԱԳ-ում, մոնիթորինգներ անցկացնելու է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի միջոցով:
«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան 2009 և 2011 թվականներին իրականացրել է ՀՀ նոտարական գրասենյակների և ՔԿԱԳ տարածքային բաժինների հասարակական մոնիթորինգներ: Մոնիթորինգների արդյունքների վերլուծության հիման վրա ՀՀ Կառավարություն և ՀՀ Արդարադատության նախարարություն ներկայացվել են բարեփոխումների առաջարկություններ, որոնց մեծ մասը այսօր տեղ են գտել «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի նոր նախագծում», – քննարկման ընթացքում նշեց Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնների զարգացման ծրագրի ՇՊԱԿ-ների համակարգող Սյուզաննա Սողոմոնյանը։