Նոյեմբերի 9-10-ին քննարկվելու է կենսաթոշակային ոլորտն իր ողջ բազմազանությամբ. Երևանում ընթանում է կենսաթոշակային ամենամյա, չորրորդ միջազգային համաժողովը՝ «Կենսաթոշակային և սոցիալական ապահովության արդիականացված համակարգեր. լուծումներ և տեսլական» խորագրով, որին մասնակցում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար դոկտոր Կարեն Հիլիարդը և այլ պաշտոնյաներ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, անդրադառնալով սոցիալական համակարգում ընթացող բարեփոխումների անհրաժեշտությանն ու անխուսափելիությանը, ներկայացրել է այն խնդիրները, որոնք այսօր կարևոր են համակարգի առավել կայուն, պաշտպանված և արդար կառավարման համար, ընդգծել ներդրված բազմաստիճան կենսաթոշակային համակարգի կարևորությունը:
«Հայաստանի Հանրապետությունում ներդրված բազմաստիճան կենսաթոշակային համակարգը իր էական դերակատարումն է ունենալու տնտեսական հարաբերություններում, քանի որ այստեղ կարևորվում է կանոնակարգված աշխատանքային հարաբերությունները: Դա նշանակում է, որ գրանցված աշխատողները հնարավորություն ունեն այսօր հետևել իրենց անհատական հաշիվներում առկա միջոցներին, դրանց շարժին և ընտրություն կատարեն, թե ինչպես կառավարեն իրենց միջոցները, որոնք իրենց վաղվա կենսաթոշակի հիմքն են: Հայաստանում 1995 թվականից սկսած կենսաթոշակի չափը պայմանավորված չէ աշխատավարձով կամ եկամտով, այլ՝ աշխատանքային ստաժով, ինչը ձևախեղում է մտցնում այդ հարաբերություններում: Եվ այս առումով նոր կենսաթոշակային համակարգը թույլ է տալիս այդ ձևախողումը վերացնել՝ ունենալ կապ աշխատավարձի և սպասվելիք կենսաթոշակի միջև: Կենսաթոշակների և նպաստների վճարման համակարգերում ունենք ճշգրտված համակարգ և նոր ծրագրային ապահովումներ, գործարկվում է կուտակային կենսաթոշակային համակարգը, և անհատական հաշիվները արդեն լիովին հասանելի են համակարգի մասնակից քաղաքացիների համար: Սա բարդ տարի էր՝ տեխնոլոգիական նոր ծրագրերի գործարկման առումով, իսկ առաջիկայում արդեն մեր առջև ծառայում է այդ ամենի շնորհիվ քաղաքացիներին մատուցվող ծառայություններն իսկապես բարձր որակի հասցնելու մեր հիմնական նպատակը»,- իր խոսքում ընդգծել է նախարարը:
ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի խոսքով՝ թեև Հայաստանում մոտակա երկու տասնամյակում առավել տիրապետող է լինելու բաշխողական համակարգը, բայց կուտակային համակարգի շուրջ արդեն առկա են էական զարգացումներ. Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ համակարգում կան ավելի շատ մասնավոր հատվածի մասնակիցներ, քան՝ պետական: «Մասնակցում են շուրջ 130 000 քաղաքացիներ, որոնցից 70 000-ը մասնավոր հատվածից, 60 000-ը՝ պետական, թերևս օրենքում միայն պարտադիր է պետական հատվածի մասնակցությունը: Ուզում եմ նշել, որ ամիսների ընթացքում ավելանում են մի քանի հազար մասնակիցներ, ընդ որում՝ այդ մասնակիցներն ավելանում են ոչ միայն նրանք, ովքեր նոր են մտնում աշխատաշուկա, այլև այլ մասնակիցներ: Սա կարևոր նվաճում է, բեկումնային կետ»,-ասել է Վաչե Գաբրիելյանը:
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանը համաժողովի ընթացքում ներկայացրել է բերափոխումների բացթողումներն ու ձեռքբերումները, որոնիցից որպես առաջին բացթողում ու տեսլական նշել է այն, որ կենսաթոշակային բարեփոխումները պետք է դիտարկել զուտ հաշվարկների և թեզերի շրջանակներում և խույս տալ, որպեսզի այն վերածվի գաղափարախոսական պայքարի:
ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն էլ համոզված է, որ այն երկրները, որոնք պետք է անցնեն կուտակային փիլիսոփայությունը, նրանք էլ կունենան անհաղթահարելի խնդիրներ, քանի որ պետք է սերունդներ փոխվեն, որպեսզի հասկացվի, որ յուրաքանչյուր քաղաքացի ինքն է իր համար պատասխանատու:
ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար դոկտոր Կարեն Հիլիարդն իր հերթին նշել է, որ ԱՄՆ Կառավարությունը շարունակական աջակցություն է ցուցաբերում Հայաստանում սոցիալական բարեփոխումների գործընթացին և ողջունում է այդ ուղղությամբ ՀՀ կառավարության գործադրած բոլոր ջանքերը։ Նա հատկապես կարևորել է պետական կենսաթոշակային համակարգում ընթացող բարեփոխումները, որոնք մեծապես կնպաստեն կուտակային համակարգի կայացմանը և ամրապնդմանը, ինչպես նաև հորդորել է շարունակել հանրային իրազեկմանն ուղղված նախաձեռնությունները, խորացնել սոցիալական ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարը:
Միջազգային համաժողովի` մոտ 10 երկրից հրավիրված սոցիալական ոլորտի 30 մասնագետները նույնպես ներկայացրել են իրենց երկրներում կիրառվող սոցիալական քաղաքականությունն ու կենսաթոշակային բարեփոխումների փորձը: Հյուրերը մասնագիտական առումով խիստ ուսանելի, իսկ գործնական առումով՝ արդյունավետ են գնահատել համաժողովի՝ փորձի փոխանակման, համընդհանուր խնդիրների դիտարկման ու միջազգային չափանիշներին համապատասխան լուծումների մշակման այս ձևաչափը: