Պետք է նշել, որ ավելացված արժեքի հարկով (այսուհետ` ԱԱՀ) հարկվող գործարքներից (գործառնություններից) է համարվում ապրանքների մատակարարումը:
Ապրանքների մատակարարում ասելով՝ պետք է հասկանալ գործարք, որն իրականացվում է ապրանքների (այդ թվում՝ արտադրանքի և անշարժ գույքի) սեփականության իրավունքը որևէ ձևով կատարվող հատուցման (օրինակ՝ վաճառքի) դիմաց այլ անձի փոխանցելու միջոցով:
Այսպես, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից իրականացված գործարքները համարվում են ապրանքի մատակարարում հետևյալ դեպքում.
մեկ օրացուցային տարվա ընթացքում երկու և ավելի թվով անգամ անձի սեփականությունը կամ ընդհանուր սեփականությունը հանդիսացող նույն տեսակի հետևյալ գույքի` բնակարանի, առանձնատան (այդ թվում` անավարտ (կիսակառույց)), անձնական օգտագործման ավտոմեքենայի, գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի հողերի, ավտոտնակի` որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց օտարման դեպքերում ապրանքի մատակարարում է համարվում այդ ժամանակահատվածում երկրորդ և ավելի թվով նույն տեսակի գույքի օտարումը, եթե օտարումը կատարվում է տվյալ գույքի ձեռքբերմանը հաջորդող մեկ տարին չգերազանցող ժամանակահատվածում:
Բերենք օրինակ. եթե մեկ օրացուցային տարվա ընթացքում (հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում) քաղաքացին երկու անգամ կատարում է իրեն պատկանող անշարժ գույքի վաճառք, ապա վերջինս պետք է վճարի ԱԱՀ: ԱԱՀ-ի դրույքաչափը ահմանվում է 20 տոկոս` ապրանքների ու ծառայությունների հարկվող շրջանառության նկատմամբ: Ավելի մանրամասն՝ կարող եք ծանոթանալ այստեղ:
Նշենք նաև, որ ավելացված արժեքի հարկը անուղղակի հարկ է, որը «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն վճարվում (գանձվում) է պետական բյուջե` ապրանքների ներմուծման, Հայաստանի Հանրապետության տարածքում դրանց արտադրության ու շրջանառության, ինչպես նաև ծառայությունների մատուցման բոլոր փուլերում: