Նոր մանրամասներ Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժածների մասին

ՀՀ առողջապահության նախարարությունից Իրավաբան.net-ը տեղեկանում է, որ Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցում այս պահի դրությամբ բուժումը շարունակում է Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած հինգ քաղաքացի, որոնցից երեքը` վերակենդանացման բաժանմունքում: Նրանց առողջական վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր: Մյուս հիվանդների առողջական վիճակը կայունացել է, առկա է դրական տեղաշարժ: Տուժածներից մեկն ունի կոնքի ոսկրերի և անրակի կոտրվածքներ: Նրան այսօր կվիրահատեն:

Շրջանային կլինիկական հիվանդանոցում բուժում ստացած մյուս տուժածներն առողջացումով դուրս են գրվել:

Ինչպես արդեն հայտնել ենք, վաթրից տուժած մի քաղաքացի հարազատների ցանկությամբ բուժումը շարունակում է Բուրդենկոյի անվան զինվորական կլինիկական հոսպիտալում: Եվս երկու հիվանդ նեղ մասնագիտական բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտ:

Այսօրվա տվյալներով` ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում բուժում է ստանում վթարից տուժած 2 քաղաքացի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել