Օրենքը օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցիչների համար նախատեսում է որոշակի մաքսային արտոնություններ:
Մասնավորապես, նշված անձինք Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքում, պահպանելով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման սահմանված կարգը, կարող են ներմուծել և արտահանել ներկայացուցչությունների պաշտոնեական օգտագործման համար նախատեսված ապրանքներ` ազատվելով մաքսային վճարներից:
Օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը և ներկայացուցչության դիվանագիտական անձնակազմի անդամները, ինչպես նաև նրանց հետ համատեղ ապրող նրանց ընտանիքների անդամները կարող են ներմուծել և արտահանել անձնական օգտագործման համար ապրանքներ` պահպանելով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման սահմանված կարգը և ազատվելով մաքսային վճարներից:
Օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի, ներկայացուցչության դիվանագիտական անձնակազմի անդամների, նրանց հետ համատեղ ապրող նրանց ընտանիքների անդամների ուղեբեռն ազատվում է զննումից, եթե հիմքեր չկան ենթադրելու, որ դա պարունակում է անձնական օգտագործման համար չնախատեսված ապրանքներ, կամ այնպիսի ապրանքներ, որոնց ներմուծումը և արտահանումն արգելված է օրենսդրությամբ կամ կարգավորվում է կարանտինային և այլ հատուկ կանոններով: Այդպիսի զննությունը կարող է կատարվել միայն վերը նշված անձանց կամ նրանց լիազոր ներկայացուցիչների ներկայությամբ:
Աղբյուրը` Իրավաբան.net