«Երբեմն սպառողներն ասում են` մի զգեստի համար դատարան դիմե˚նք: Իհարկե, դիմե’ք»

Արմինե Հովհաննիսյանը խանութից զգեստ է գնել: Մի քանի րոպե անց մտքափոխվել` իրեն այդքան էլ հարմար չէ: Որոշել է հետ տանել վաճառակետ և փոխել ուրիշով:

«Առաջարկեցին այդ զգեստի գնից ավելի բարձր գնով մի զգեստ, բայց ինձ դուր չեկավ: Մի վերնաշապիկ հավանեցի, սակայն իմ գնած զգեստից ավելի էժան էր: Չհամաձայնեցին այդ վերնաշապիկը և մնացած դրամը ինձ տալ»,- նշում է Արմինեն:

«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի մասին չիմանալով` նա արդեն մի քանի շաբաթ այդ զգեստը պահում է զգեստապահարանի չօգտագործվող զգեստների հետ:

«Եթե սպառողը գնել է ոչ պարենային ապրանք, որը հարմար չէ իրեն ձևով, եզրաչափքերով, գույնով, չափով կամ այլ պատճառներով, կարող է 14 օրվա ընթացքում փոխանակել տվյալ ապրանքը»,-ասում է «Սպառողների իրավունքերի պաշտպանություն» հասարա­կական կազմակերպության փոխտնօրեն Կարեն Չիլինգարյանը:

Ըստ գործող օրենքի` եթե սպառողի` վաճառողին դիմելու օրը վաճառքում նմանօրինակ ապրանքը բացակայում է, ապա սպառողն իրավունք ունի պահանջել հետ վերադարձնելու նշված ապրանքի համար վճարված գումարը կամ փոխարինել այն նմանօրինակ ապրանքով` վաճառքում համապատասխան ապրանքի առաջին իսկ ստացման դեպքում:

«Հասկանում եք, գնածս զգեստն անգամ տուն չեմ հասցրել: Ոչ մի բանի ձեռք չեմ տվել. ոչ պիտակն էի պոկել, ոչ էլ ՀԴՄ-ի չեկն էի գցել: Բայց չփոխանակեցին»,-հավաստիացնում է տնտեսվարողի կողմից իր սպառողական իրավունքները խախտած Արմինե Հարությունյանը:

Իրավաբան-փորձագետ Մարատ Ատովմյանի խոսքով` պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինվում է, եթե նշված ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա ապրանքատեսքը, սպառողական հատկությունները, կապարակնիքները, ապրանքային պիտակները, ինչպես նաև վաճառված ապրանքի հետ սպառողին տրված ապրանքային կամ դրամարկղային չեկը:

Խանութներում հաճախ կարելի է հանդիպել «գնված ապրանքը հետ չի ընդունվում և չի փոխանակվում» գրառմանը:

Կարեն Չիլինգարյանը վստահեցնում է` գրվածն անհիմն է: Գոյություն ունի օրենքի կետ, որտեղ հստակ սահմանում է «պատշաճ որակի ապրանքը փոխարինելու սպառողի իրավունքը»:

Մեր անցկացրած հարցումը ոչ բրենդային և բրենդային հագուստ վաճառող 10-ական խանութներում` ցույց տվեց: Վերջիններս որոշ վերապահումներով հետևում են «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին: Ոչ բրենդային հագուստ վաճառող խանութներում թողած է տնտեսվարողի հայեցողությանը:

Մարատ Ատովմյանի փոխանցմամբ` սպառողների իրավուքների ոտնահարման դեպքում, հարցի վերջնական  լուծումը  դատարան դիմելն է: «Երբեմն սպառողներն ասում են` մի զգեստի համար դատարան դիմե˚նք: Իհարկե, դիմե’ք: Նախադեպ կլինի: Տնտեսվարողները կհասկանան, որ օրենքի շրջանակներում, սպառողներին չսպասարկելու դեպքում, գործ կունենան դատարանի հետ»,- առաջարկում է իրավաբան-փորձագետ Ատովմյանը:

2002թ-ի ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է «նմանօրինակ ապրանքներով փոխարինման ոչ ենթական պատշաճ որակի ոչ պարենային ապրանքների» անվանացանկը: Դրանց թվում եմ հիգիենայի և երեխայի խնամքի առարկաները, դեղորայքը, թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերով ապրանքները, պարֆյումերակոսմետիկական ապրանքները և այլն:

Մարատ Ատովմյանի խոսքով` Հայաստանում սպառողների իրավունքների պաշտպանությունը շատ ցածր մակարդակի վրա է: Ըստ նրա` սպառողական իրավունքների պաշտպանության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունները պետք է ավելի ակտիվ լինեն հասարակությանը սպառողական իրավունքների մասին իրազեկելու հարցում:

Կարեն Չիլինգարյանի կարծիքով սպառողների իրավունքների մասին խոսելիս` պետք է հասկանալ նաև տնտեսվարողին: Պատկերացրեք, բոլորը գնեն հագուստ, մի քանի օր հետո բերեն վաճառակետ և առաջարկեն փոխանակել:

 

Նունե Հովսեփյան

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել