Լ. Զուրաբյանի հայտարարության կապակցությամբ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում նյութերի նախապատրաստմամբ որևէ փաստական տվյալ ձեռք չի բերվել` Վենետիկի հանձնաժողովին կաշառք տալու և այդ հանձնաժողովի որևէ անդամի կողմից կաշառք ստանալու մասին, Լ. Զուրաբյանը չի ներկայացել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն, իր վերոհիշյալ հայտարարության շուրջ բացատրություն չի տվել և այն հիմնավորող որևէ փաստական տվյալ չի ներկայացրել, որը հիմք է տվել եզրակացնելու` Լ. Զուրաբյանի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, այսինքն՝ բացակայում են Վենետիկի հանձնաժողովին կաշառք տալու և, հետևաբար, նաև այդ հանձնաժողովի որևէ անդամի կողմից կաշառք ստանալու դեպքերը:
Նախապատրաստված նյութերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է նաև, որ Լ. Զուրաբյանի հայտարարությունը չի պարունակում սուտ մատնության հանցակազմ՝ նկատի ունենալով, որ նրա արարքում բացակայում է տվյալ հանցագործության հանցակազմի սուբյեկտիվ կողմը (սուտ մատնության հանցակազմի սուբյեկտիվ կողմը բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ: Հանցանքը համարվում է ուղղակի դիտավորությամբ կատարված, եթե անձը գիտակցել է իր գործողության (անգործության)՝ հանրության համար վտանգավոր բնույթը, նախատեսել է հանրության համար դրա վտանգավոր հետևանքները և ցանկացել է դրանց վրա հասնելը):
Լ. Զուրաբյանի վերոհիշյալ ճեպազրույցի ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ վերջինս հետապնդել է ՀՀ-ում իրականացվող սահմանադրական բարեփոխումների գործընթացը, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահին և Վենետիկի հանձնաժողովի անդամներին վարկաբեկելու նպատակ, և նրա արարքում բացակայում է կաշառք տալու կամ կաշառք ստանալու մասին սուտ մատնության սուբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ հանդիսացող ուղղակի դիտավորությունը:
Այսպիսով, Լ. Զուրաբյանի հայտարարության առթիվ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ սահմանադրական բարեփոխումների նախագահի կողմից Վենետիկի հանձնաժողովին կաշառք տալու և այդ հանձնաժողովի որևէ անդամի կողմից կաշառք ստանալու դեպքերի բացակայության և Լ. Զուրաբյանի արարքում կաշառք տալու և կաշառք ստանալու մասին սուտ մատնություն կատարելու հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: