Փաստաբան. «Կատարված փաստն ապացուցում է, որ Ռամիլ Սաֆարովը պետական պատվեր էր կատարում»

«Էքստրադիցայի նախադեպ Հունգարիան չուներ: Մենք պետք է թույլ չտայինք, որ այս նախադեպը լիներ: Մեր պասիվությունը բերեց նրան, որ Ադրբեջանը հասավ արդյունքի»,- Իրավաբան. net-ի հետ զրույցում նշեց տուժող Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Նազելի Վարդանյանը` անդրադառնալով այն հարցին, որ ութ տարի առաջ Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած և Հունգարիայում ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի հարցը լուծված է և ոճրագործն  արդեն  Բաքվում է: Ըստ նախնական տեղեկությունների` Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել մարդասպանին և հային կացնահարածն այժմ ազատության մեջ է:

Փաստաբանի խոսքով` այս դեպքում Հայաստանը մեկ ճանապարհ ունի` Ադրբեջանին մեղադրանք առաջադրի հենց այս սպանության համար: «Կա միջազգային նորմ, որ եթե պետությունն իր վրա է վերցնում, արդարացնում է մեղքը, հանցագործությունը, ապա ինքը պետք է պատասխանատվություն կրի: Կատարված փաստն ապացուցում է, որ Ռամիլ Սաֆարովը պետական պատվեր էր կատարում: Հիմա ինչքանով օգուտ կտա դա` չգիտեմ, բայց նման հնարավություն ունենք»,- Իրավաբան. net-ին հայտնեց Նազելի Վարդանյանը` հավելելով, որ 4 տարի անընդհատ այդ հարցն Ադրբեջանի կողմից տարբեր մակարդակներով բարձրացվել է:


Նունե Հովսեփյան

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել