ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ:
Ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքի` ճանապարհային ոստիկանության աշխատանքը, որպես արտաքին ծառայության կարևորագույն ոլորտներից մեկը, մշտապես ոստիկանության ղեկավարության ուշադրության կենտրոնում է:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն արդեն իսկ մի քանի աշխատանքային հանդիպումներ է ունեցել ստորաբաժանման պատասխանատուների և անձնակազմի հետ, որոնց ընթացքում առաջադրվել են կոնկրետ խնդիրներ ու պահանջներ, տրվել համապատասխան հանձնարարականներ, նշվել են արձանագրված թերությունների վերացման եղանակներն ու ժամկետները:
Այս հանդիպման օրակարգում ոստիկանության ներքին անվտանգության վարչության կողմից կատարված մի քանի օրվա ստուգումների արդյունքներն էին, որոնք մտահոգության տեղիք են տալիս:
Վլադիմիր Գասպարյանն անդրադարձել է պարեկային անձնակազմերի կողմից ծառայողական կարգապահության, էթիկայի և ճանապարհային երթևեկության կանոնների խախտման, տեսագրող և արագաչափ սարքերի տեխնիկական վիճակի ու սարքինության, պարեկային մեքենաների տեղաշարժի կարգը պահպանելու և մի շարք այլ խնդիրների:
Ոստիկանության պետը պահանջել է նաև վերանայել օրինազանց վարորդներին տուգանելու կարգը` նկատի ունենալով, որ քաղաքացի-դրամ-ոստիկան հարաբերությունները կոռուպցիոն ռիսկերի դաշտում են և վնասում են ոստիկանության հանդեպ հասարակական վստահության ամրապնդման գործընթացին:
Վերլուծելով թվարկված խախտումների պատճառները` Վլադիմիր Գասպարյանը պահանջել է շուտափույթ վերացնել թերությունները:
Ստուգումների արդյունքներով` ծառայողական խախտումներ կատարած երկու տասնյակից ավելի ճանապարհային ոստիկաններ ենթարկվել են պատասխանատվության` ստացել են տույժեր, զգուշացվել զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին, ուղարկվել կադրերի ռեզերվ, ծառայության տեղափոխվել այլ ստորաբաժանումներ: Տույժեր են ստացել նաև ստուգման ենթարկված վաշտերի հրամանատարները: Մի շարք խախտումներով ծառայողական քննությունները շարունակվում են:
Ճանապարհային ոստիկանության գործունեության ստուգումները շարունակական են լինելու, և հիմնավորվելու դեպքում այդ նյութերը կուղարկվեն Հատուկ քննչական ծառայություն, հավաստիացրել է ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, իսկ նպատակը այդ ոլորտի արմատական ու վերջնական բարեփոխմանը հասնելն է, ինչը ոչ միայն ոստիկանության ղեկավարության, այլև հասարակության անվերապահ պահանջն է: Այս մասին նշվում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում:
Աղբյուրը` Իրավաբան.net