Ու՞մ պետք է դիմի գործատուից տուժած քաղաքացին` իր իրավունքները վերականգնելու համար

Շուրջ ութ տարի գոյություն ունեցող աշխատանքի պետական տեսչությունը, որը զբաղվում էր աշխատանքի պայմանների, աշխատողների աշխատանքային ազատությունների և իրավունքների ,աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի խախտումների կանխարգելմաբ,  այսօր այլևս չկա:

Ֆինանսական ծախսերի կրճատման նպատակով  2013 թվականին կառավարությունը ընդունեց 857-որոշումը, որի համաձայն` առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունը և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի պետական տեսչությունը միաձուլման արդյունքում վերակազմակերպվեցին առողջապահության նախարարության աշխատակազմի Առողջապահական պետական տեսչության և նախկին աշխատանքի պետական տեսչության գործառույթները վերապահվեցին առողջապահական պետական տեսչությանը:

12088362_549190315235207_1787539546594168125_nՀայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (ՀԵԻԱ) իրավախորհրդատու Առնոլդ Վարդանյանը Իրավաբան.net-ի հետ զրույցւոմ ասաց, որ քաղաքացիներից բողոքներ են ստանում` կապված առողջապահական պետական տեսչության գործառույթների հետ: Նրա խոսքով` տեսչությունը մերժում է զբաղվել  աշխատողների  խախտված իրավունքների հարցերով.

«Առողջապահական պետական տեսչությունը աշխատողների խախտված իրավունքների պաշտպանության հարցերով  խորհրդատվություն չի տալիս, ինչը որոշ քաղաքացիների  մոտ առաջացրել է իրավական անորոշություն: Ոլորտում բացակայում է նաև օրենսդրական հստակությունը, որի պայմաններում քաղաքացին կկարողանա համատեղել իր վարքագիծը օրենքի պահանջներին և կկարողանա վերականգնել աշխատանքային իր խախտված իրավունքները»,- ասաց Ա. Վարդանյանը։

Պարզելու համար, թե ինչով է պայմանավորված այս հանգամաքը` Իրավաբան.net-ը  հարցում ուղարկեց Առողջապահական պետական տեսչություն: Տեսչությունից մեզ պատասխանեցին.

«Միակ իրավական ակտը, որով այսօր առաջնորդվում է Առողջապահական պետական տեսչությունը, ՀՀ կառավարության 857-Ն որոշմամբ հաստատված կանոնադրությունն է, ըստ որի, աշխատանքային օրենսդրության նորմերի կիրառման նկատմամբ նրա հսկողության և վերահսկողության իրականացումը ներառում է աշխատանքի անվտանգության պաշտպանության գործում մեթոդական օգնության կազմակերպումը և յուրաքանչյուր հինգշաբթի աշխատողներին տրվում է  համապատասխան տեղեկատվություն և խորհրդատվություն»:

Այսինքն,  տեսչությունը աշխատանքային օրենսդրության  նկատմամբ ողջ ծավալով հսկողություն կամ աշխատանքային իրավունքների պաշտպանության գործառույթներ այս պահին  այլևս չի իրակացնում: Քանի որ «Աշխատանքի պետական տեսչության մասին» օրենքը, որով պետք է առողջապահության պետական տեսչությունը զբաղվեր  աշխատողների իրավունքների  պահպանման և պաշտպանության ապահովման հարցերով, 2015 թվականի հունվարի 9-ին  ուժը կորցրել է, հետևաբար, այն  այլևս լիազորված  կառույց  չէ և, ըստ էության, իրավաչափ է նրա հրաժարվելու գործուղությունը:

Այսինքն կա օրենսդրական բաց, որի հետևանքով չկա որևէ պետական մարմին, որին քաղաքացին կարող է դիմել աշխատանքային իրավահարաբերություններում իր խախտված իրավունքը վերականգնելու համար:

Անդրադառնալով խնդրին` Մարդու իրավունքների պաշտպանի  աշխատակազմը Իրավաբան.net-ի հարցման ի պատասխան նշել է, որ ստեղծվել է բավականին անորոշ իրավիճակ, ինչի  մասին աշխատակազմը  բազմիցս բարձրաձայնել է, սակայն խնդիրը շարունակում է չլուծված լինել. «Ներկայիս իրավիճակը խնդրահարույց է, քանի որ առկա չէ այն մարմինը, որը  հսկողություն կիրականացնի աշխատանքային իրավահարաբերություններում՝ գործատուների կողմից օրենքի պահանջների պահպանման ուղղությամբ և կապահովի գործատուների կողմից աշխատակիցների իրավունքների վերականգնում կամ նման դեպքերի նախականխումը»:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դիրքորոշումը խնդրի վերաբերյալ

Իրավաբան.net-ի հետ զրույցում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության իրավաբանական վարչությունից հայտնեցին, թե, իհարկե, կա նման մարմին, որին աշխատողը կարող է դիմել և խոսքը դատարանի մասին է: Նրանց դիտարկմամբ՝ աշխատանքի պետական տեսչության անհրաժեշտությունը այսօր այնքան էլ մեծ չէ .

«Աշխատանքային օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն, եթե խախտվում  են աշխատողների իարվունքները, ապա այդ  իրավունքները վերականգելու համար աշխատողը ունի հնարավորություն դատարան դիմելու և իր իրավունքը վերականգնելու, իսկ եթե դատարան չեն ցանկանում դիմել, կարող են  արհմiություններին դիմել, որոնք  ևս աջակցում են աշխատողներին»:

Աշխատողի դատարան դիմելու հավանականությունը և արհմիությունների  դեր

Արհմիությունները չեն կարող վերականգնել աշխատողի խախտված իրավունքները այս մասին Իրավաբան.net -ի հետ զրույցում նշում է փաստաբան Հերիքնազ Տիգրանյանը.Tigranyan_12592-440x293 (1)

«Իհարկե աշխատանքային օրենսգրքի 35-րդ հոդվածի՝ գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության և այլ նորմատիվ իրավական ակտերի  կատարման նկատմամբ ոչ պետական վերահսկողությունն իրականացնում են աշխատողների ներկայացուցիչները, այսինքն՝ արհմությունները: Սակայն վերջիններս գործուն աջակցություն չեն կարող ցուցաբերել աշխատողին՝ նրա իրավունքը պաշտպանելու հարցում, քանի որ ունեն սահմանափակ իրավական լծակներ: Իսկ ավելի կոնկրետ՝ անհատական վեճերի դեպքում որևէ  գործառույթ չունեն»:

Հերիքնազ Տիգրանյանը, աշխատանքի պետական տեսչության բացակայության պայմաններում, կարևորում է արհմիությունների դերի բարձրացումը, որպեսզի վերջիններս օժտված լինեն անհատական աշխատանքային վեճերի ժամանակ  աշխատողի իրավունքները  պաշտպանելու լիազորությամբ:

Իսկ փաստաբան Մարատ Ատովմյանը իր խոսքում նշեց, որ Աշխատանքի պետական տեսչությունները մոտ 150 տարվա պատմություն ունեն:Առաջին երկրներից, որտեղ նրանք ստեղծվեցին Ֆրանսիան և Գերմանիան էին: Աշխատանքի տեսչությունները, որոնք որոշ երկրներում պայմանականորեն սոցիալական ոստիկանություն են անվանվում, հիմնականում երկու նպատակ ունեն՝ հսկողություն իրականացնել աշխատանքային օրենսդրության կիրառման նկատմամբ (իրավական հսկողություն) և աշխատանքի անվտանգության նկատմամբ (տեխնիկական հսկողություն): Բացի այդ, աշխատանքի տեսչությունը կարող է նաև զբաղվել գործատուներին և աշխատողներին աշխատանքային օրենսդրության վերաբերյալ ուսուցմամբ և միջնորդ հանդիսանալ կոլեկտիվ աշխատանքային վեճերի լուծման ժամաման:Շատ ցավալի է, որ մեր երկրում աշխատանքի պետական տեսչությունը ավելորդ կառույց համարվեց:

Իսկ ինչ վերաբերում է աշխատանքային իրավունքների դատական պաշտպանությանը, ապա կան բազմաթիվ դեպքեր, երբ աշխատողները իրենց իրավունքների պաշտպանության համար դիմել են դատարան: Սակայն կան նաև բազմաթիվ դեպքեր, երբ աշխատողները չեն դիմում դատարան հետևյալ պատճառաբանությամբ. 1.չեն վստահում դատարաններին,2. վախենում են գործատուից, 3.իրենց թվում է, որ դա հսկայական ծախսեր է պահանջում, 4 չեն ուզում հասարակությունում, աշխատավայրում իրենց մասին ձևավորել ՛՛կլյաուզնիկի՛՛ կարգավիճակ, 5. չեն ուզում ամիսներ անցկացնել դատական ատյաններում:

Ինչպե՞ս լուծել խնդիրը

Աշխատողի խախտված իրավունքների վերականգնման և պաշտպանության համար Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը միանշանակ գտնում է, որ պետք է ընդլայնել Առողջապահական պետական տեսչության գործառույթները. «Քաղաքացիները հնարավորություն կունենան դիմելու նշված պետական մարմնին ՀՀ աշխատանքային օրենսգրքով և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերով սահմանված աշխատանքային իրավահարաբերություններ կարգավորող նորմերի կիրարկման նկատմամբ պետական հսկողության և վերահսկողության ապահովման, ինչպես նաև իրենց խախտված իրավունքների վերականգնման համար»:

Իսկ եթե չեն ընդլայնում տեսչության գործառույթները,ապա, ըստ պաշտպանի գրասենյակի, նոր պետական մարմին ստեղծելու անհրաժեշտություն կա, որը պետք է ունենա վերոնշյալ իրավասությունները:

Փաստաբան Հերիքնազ Տիգրանյանն էլ  գտնում է, որ անհաժեշտ է աշխատանքի պետական տեսչության նախկին կարգավիճակի և դերի վերականգնում, լիազորությունների և հսկողական գործառույթների օրենսդրորեն ամրագրում, ինչպես նաև ենթակայության հստակեցում:

Իրավախորհրդատու Առնոլդ Վարդանյանն էլ հավելում է, որ ստեղծված իրավական անորոշության լուծման ճանապարհ կարող է լինել նաև  նոր օրենքի ընդունումը «Առողջապահական պետական տեսչության մասին», որով հստակ կսահմանվեն թե՛ վերջինիս իրավական կարգավիճակի, թե՛ գործառույթների կատարման մանրամասն իրավակարգավորումները։

IMG_2873Իսկ Մարատ Ատովմյանը ընդգծեց, որ բազմաթիվ երկրներում ձևավորված է աշխատանքային վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմ՝ մեդիատոր կամ աշխատանքային տրիբունալ: Առաջին անգամ տարբեր վեճերի կարգավորման ժամանակ մեդիատորի օգնությանը սկսեցին դիմել ԱՄՆ-ում: Արդարացնելով իրեն, մեդիացիայի ինստիտուտը տարածում ստացավ նաև Եվրոպական մի շարք երկրներում: Վեճերի արդյունավետ լուծման կենտրոնի տվյալներով, Անգլիայում վեճերի 85%, որոնք լուծվում էին այս Կենտրոնում միջնորդության եղանակով, ավարտվում էին հաշտության համաձայնության կնքմամբ (մեկ ու կես օր միջնորդության միջին տևողությամբ), 6% խաղաղ կարգավորվել են երեք ամսվա ընթացքում և միայն վեճերի 9% փոխանցվել են դատարանի քննարկմանը: Գերմանիայում մեդիացիան ներդաշնակորեն լրացնում է արդարադատության համակարգը: Միջնորդներն աշխատում են դատարաններին առընթեր, զգալիորեն նվազեցնելով, հնարավոր դատական վիճաբանությունների քանակը»:

 Այսօր, մեդիացիան ինտեգրված է գերմանական դատարաններում ոչ միայն ընտանեկան, այլ նաև ընդհանուր իրավասության, վարչական և այլն: Գերմանիայի իրավունքի դպրոցների հիմնական մասում ներառված է մեդիացիայի մշտական դասընթացը: Այսինքն, իրավաբանական ԲՈւՀ-ի յուրաքանչյուր շրջանավարտ անցնում է մեդիացիայի դասընթաց: Չինաստանում վեճերի մոտ 30 % լուծվում է արտադատական կարգով: Միջնորդական ընթացակարգերը, հատկապես մեդիացիան որպես ներքին վեճերի լուծման գործիք, ավանդաբար լայնորեն տարածված են եղել Ճապոնիայում: Պետք է փաստել այդ ընթացակարգի գործունեության արդյունավետությունը մի շարք երկրներում: Արևմտյան Եվրոպայի երկրների մեծ մասում, որտեղ այս ինստիտուտը կիրառվում է բավականին վաղուց, աշխատանքային վեճերով մեդիատորի միջնորդությամբ կնքված համաձայնությունների տոկոսը գերազանցում է դատավորների կողմից կայացված վճիռների քանակը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել