Օրեր առաջ հայտնի է դարձել, որ Հայաստանի դեմ ներկայացված ևս մեկ գանգատ վարույթ է ընդունվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից: Համապատասխան գրությամբ կառավարությունը ծանուցվել է, որ քաղաքացի Արթուր Հակոբյանի գանգատն ընդդեմ Հայաստանի վարույթ է ընդունվել 2012թ-ի ապրիլի 18-ին. այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը: Նա և փաստաբն Լուսինե Սահակյանը ՄԻԵդ-ում ներկայացնում են Հակոբյանի շահերը:
Դեռևս 2009 թվականի հունիսի 27-ին Արթուր Հակոբյանը բռնության էր ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից, սակայն իրականացված քննության արդյունքում ոստիկաններից ոչ ոք այդպես էլ պատասխանատվության չի ենթարկվել: Գործի նյութերի համաձայն, ոստիկանները կռիվ են հրահրել, նրան ծեծել են, տարել ոստիկանության բաժին:
Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել նույնիսկ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ։ Հատուկ քննչական ծառայությունում, սակայն, քրեական հետապնդումը դադարեցրել են, կալանքը վերացրել, Հակոբյանին ճանաչել են տուժող։ Ոստիկանների բռնարարքների հետևանքով Հակոբյանը ստացել է ծանր մարմնական վնասվածքներ:
Այս գործով գանգատը ներկայացվել է ՄԻԵԿ 3-րդ հոդվածով նախատեսված իրավունքների խախտման փաստը հաստատելու պահանջով` ինչպես բուն բռնության փաստը, այնպես էլ այդ կապակցությամբ արդյունավետ քննության բացակայության: