ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի -ի N – Ն որոշմամբ հաստատված «Պետական եվ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգ»-ի (ըստ բակալավրի կրթական ծրագրի) համաձայն` 2012-2013 թթ. ուսումնական տարվա համար Երևանի պետական համալսարանը բակալավրում սովորելու համար ընդունել է 3069 ուսանող` 19 ֆակուլտետներում 60 մասագիտությունների գծով:
2010-2011 թթ. ուսումնական տարվա հետ համեմատած` այս տարի դիմորդների թիվն աճել է 12.5 տոկոսով: (Ինչու` 2010-2011 թթ. հետ համեմատած, քանի որ անցյալ տարի շրջանավարտներ չենք ունեցել):
«Ամենաշատ թվով ուսանողներ` բնագիտական մասնագիտությունների գծով ընդունել ենք ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում` 200 առաջին կուրսեցի: Հումանիտարում` ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետն է առաջատարներից մեկը` 450 առաջին կուրսեցի, իսկ իրավագիտության ֆակուլտետում` 150»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Երևանի պետական համալսարանի ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը:
Նա նշեց, որ աշխարհի համալսարանների «Webometrics» դասակարգման մեջ ընդգրկված 20.700 համալսարանների շարքում Երևանի պետական համալսարանն իր ցուցանիշներով 2051-րդ հորիզոնականում է: «Webometrics» աշխարհի ճանաչված բուհեր ռեյտինգավորող կազմակերպություններից մեկն է: Դասակարգման աղյուսակը կազմելիս հաշվի են առնվում հիմնական 4 չափանիշներ` պաշտոնական կայքի էջերի քանակը որոնման Google.com, Yahoo.com, Live.com (msn), Exalenq.com կայքերում, այլ ռեսուրսներից դեպի բուհի պաշտոնական կայք կատարված արտաքին հղումների քանակը, կայքում առկա փաստաթղթերի քանակն ու գիտական աշխատանքների հղման ինդեքսը:
Ռուբեն Մարկոսյանն անդրադարձավ նաև բուհ- աշխատաշուկա կապի զարգացման ուղղությամբ համալսարանի կողմից կատարվող քայլերին` նշելով, որ ԵՊՀ գիտական խորհրդի որոշման համաձայն` 2006 թ-ի հունիսի 1-ին ստեղծվել է շրջանավարտների և կարիերայի կենտրոնը:
Կենտրոնի գործունեության առաջնայնություններից է նպաստել աշխատաշուկայում ԵՊՀ շրջանավարտների և ուսանողների մրցունակության բարձրացմանը, ինչպես նաև ընդլայնել համալսարանի և տարբեր գործատուների ու ձեռնարկությունների միջև փոխգործակցությունը:
Ռուբեն Մարկոսյանը, խոսելով կրթական ծրագրային բարեփոխումներից, նշեց, որ Բոլոնյան գործընթացը Հայաստանում ընթացքի մեջ է, և ԵՊՀ կրթական ծրագրերում ամեն ինչ հղկվում է և համապատասխանեցվում Բոլոնյան կրթական համակարգում տեղ գտած չափանիշներին:
Նունե Հովսեփյան