Արմավիր քաղաքում պետք է աղբի վերամշակման գործարան կառուցվի

ՀՀ կառավարությունն այսօր հաստատեց մի նախագիծ, որով նախատեսվում է Արմավիր քաղաքի վարչական տարածքի հյուսիսային մասից, աղբավայրի հարակից 15.0 հա մակերեսով տարածքում աղբի վերամշակման գործարան և ջերմատնային տնտեսություն հիմնել:

Նախագծում կարդում ենք, որ դեռևս 2014թ. ՀՀ Արմավիրի մարզպետի գլխավորած պատվիրակության Չեխիայի Հանրապետությունում աշխատանքային այցով գտնվելու ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել մարզում աղբի վերամշակմամբ զբաղվող ընկերություն հիմնելու ուղղությամբ:

Ծրագրի արժեքն է 33 մլն եվրո, նույնքան և վարկ է տրվում, որը  պետք է մարվի 7 տարվա ընթացքում: Նշվում է, որ աղբի վերամշակման գործարանի համար կծախսվի 21 մլն եվրո, Ջերմոցային տնտեսության հիմնելու համար՝ 11 մլն եվրո, իսկ այլ ծախսեր համար՝ 1 մլն:

Ըստ որոշման նախագծի՝ աղբի վերամշակման արդյունքում էլեկտրաէներգիայի արտադրություն ծախսվելու է ջերմոցային տնտեսության կարիքների համար, իսկ  ավելացած մասը վաճառվելու է պետությանը, ջերմոցային տնտեսության արտադրանքն արտերկրում է իրացվելու:

Բիզնեսի կազմակերպչական կառուցվածքում գրանցված են երկու աշխատակիցներ, նախատեսվում է 100-200 աշխատատեղ բացել:

Ըստ կառավարության որոշման նախագծի՝ առաջին տարվա համար 50 մլն եվրոյին համարժեք դրամ կտրամադրվի, իսկ հաջորդ տարիների համար, երբ կսկսվի ընկերության գործունեությունը  200 մլն եվրոյին համարժեք դրամ:

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի քաղաքային համայնքում աղբի վերամշակման գործարան և ջերմոցային տնտեսություն է հիմնելու «Գրինէկո-Կաս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որի սեփականատերերն են  ՀՀ քաղաքացի Արամ Ղահրամանյանը և Չեխիայի Հանրապետության քաղաքացի Պավել Դուրչակը:

Նախագիծը կներկայացնի ՏԿ և ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել