Փաստաբանին սխալմամբ բերման են ենթարկել, հետո ազատ արձակել ու խնդրել հավաքներին չմասնակցել

Ինչպես հայտնել էինք, երեկ Ազգային ժողովի շենքի մոտ բախումներ էին եղել սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Ոչ» քաղաքական, քաղաքացիական ճակատի մասնակիցների և ոստիկանների միջև: Բերման էր ենթարկվել 21 անձ: Նրանց մեջ է եղել նաև փաստաբան Տիգրան Եգորյանը և «Իրավունքի Եվրոպա Միավորում» ՀԿ իրավաբաններ Սերգեյ Գրիգորյանն ու Արսեն Շահբազյանը:

Իրավաբան.net-ի հետ զրույցում Տիգրան Եգորյանն ասաց, որ շուրջ 1-1.5 ժամ իրենց ոստիկանության բաժանմունքում պահելուց հետո ոստիկանության  ազատ են թողել: Արաբկիրի բաժնի պետն ու ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Իսկանդարյանը  նրանց հայտնել են, թե սխալ է տեղի ունեցել:

«Մենք հարցրեցինք, թե ինչու գրավոր չեք արձանագրում այս ամենը, ասացին՝ կարիքը չկա: Մենք էլ ասացինք, որ այս ամենն անհետևանք չենք թողնելու»,- փաստաբանն իր խոսքում ընդգծում է, որ իրենց բաց թողնելու ժամանակ Երևանի վարչության պետի տեղակալ ներկայացած Իսկանդարյանն ասել է, թե «հիմա ձեզ ազատ ենք արձակում, բայց խնդրում ենք՝ հավաքներին մի մասնակցեք»:

Ինչ վերաբերում է երեկվա դեպքերին, Տիգրան Եգորյանն ասաց, որ ոստիկաններն իմացել են, որ ինքը փաստաբան է և բերման են ենթարկել. երբ Սերգեյ Գրիգորյանին բերման ենթարկելիս են եղել, նա հայտնել է, որ ինքը փաստաբան է և մասնագիտական աջակցություն պետք է ցույց տա նրան, և դրանից 20 րոպե հետո իրեն նույնպես բերման են ենթարկել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել