«Թուղթը կփոխվի մեկ այլ թղթով». Գևորգ Գյոզալյանը նոր սահմանադրության մասին

Քանի դեռ այս իշխանությունները իրենց գործունեությամբ ցույց չեն տվել, որ ունակ են արդար և ազատ ընտրություններ անցկացնել, ինչպես նաև դատական համակարգի անկախությունն ապահովել և մի շարք այլ հարցեր լուծել, որոնք գործող սահմանադրությամբ ժողովուրդը նրանց վրա դրել է, ապա առնվազն ոչ ժամանակին է և ոչ էլ անգամ բարոյական է խոսել նոր Սահմանադրության ընդունման մասին: Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց փաստաբան Գևորգ Գյոզալյանը, նա և ևս 41 փաստաբաններ մասնագիտական կարծիք են հայտնել ՀՀ նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ, կարծիքը վերջնական տեսքի կբերվի հաջորդ շաբաթ:

«Եթե ժողովրդին ցույց չի տրվում, թե գործող սահմանադրությունը ինչով է վատ և հենց իշխանական թևերն են ասում, որ Սահմանադրությունը չի գործում, որի հետ կապված կան հղումներ, ապա նման պայմաններում թուղթը կփոխվի մեկ այլ թղթով: Իհարկե, բացառություն մենք տվել ենք, որ դա կառավարման համակարգն է»,- ասաց փաստաբանը:

Նա նաև անդրադարձավ Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հանրության վերաբերմունքին. «Այս փոփոխություններին բոլորն այնքան թեթև են նայում, կարծեմ մենք 20 հազարից ավելի ակտեր ունենք, փոփոխությունը նշանակում է, որ այս հանրությունը նորից այս անվերջ օրենքների փոփոխության մեջ լինի: Դրա վառ ապացույցը գործող Սահմանադրությունն է, որը ընդունվեց 2005թ.-ին և այն հստակ ասում էր, որ ԱԺ-ն պետք է 2 տարվա մեջ օրենսդրական դաշտը համապատասխանեցնի փոփոխություններին: Համապատասխանեցրե՞լ է, իհարկե՝ ոչ, և դա հենց իշխանության ներկայացուցիչներն են ասում»,- եզրափակեց պարոն Գյոզալյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել