ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Քաջարանի բժշկական կենտրոնում բուժվող հիվանդների՝ հեպատիտ C-ով վարակվելու հանգամանքները, եղանակը, պատասխանատու անձանց շրջանակը։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա 5 անձի մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին հաղորդում են Քննչական կոմիտեից:
Ըստ աղբյուրի՝ հունվարին տեղեկություն էր ստացվել, որ «Քաջարանի բժշկական կենտրոն» բուժօգնության դիմած մի քանի քաղաքացիների մոտ նշված կենտրոնում բժշկական միջամտության, վիրահատության ենթարկվելուց հետո ախտորոշվել է «հեպատիտ c» հիվանդություն:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում իրականացվել են տարբեր քննչական գործողություններ, հարցաքննվել բազմաթիվ վկաներ, տուժողներ, նշանակվել են շուրջ 5 տասնյակ փորձաքննություններ՝ քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար:
Համապատասխան հետազոտություններ է անցել 2014 թվականի ընթացքում Քաջարանի բժշկական կենտրոնում վիրահատված շուրջ 200 քաղաքացի։
Նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ Քաջարանի բժշկական կենտրոնում 2014 թվականի ընթացքում ընդհանուր անզգայացմամբ իրականացված վիրահատությունների ժամանակ միանգամյա օգտագործման համար նախատեսված ներշնչափողային խողովակները, արտածծիչ սարքի խողովակը և ծայրադիրներն օգտագործվել են բազմակի, նշված բժշկական գործիքները և ընդհանուր անզգայացման ժամանակ օգտագործված «լարինգոսկոպն» ախտահանվել են ՀՀ առողջապահության նախարարի մի շարք հրամանների պահանջների խախտումներով: Արձանագրվել են նաև սանիտարահամաճարակային ոլորտի այլ խախտումներ:
Նշված սանիտարահամաճարակային նորմերի խախտումների արդյունքում 2014 թվականի ընթացքում բժշկական կենտրոնում վիրահատված 14 քաղաքացի հիվանդացել է «վիրուսային հեպատիտ Ց» հիվանդությամբ, ինչի արդյունքում նրանց առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Քննությամբ պարզվել է սանիտարահամաճարակային կանոնների պահպանման համար պատասխանատու անձանց շրջանակը և ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ «Քաջարանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության նախկին տնօրեն Վարդան Ավագյանին, տնօրենի տեղակալ Վիրաբ Մանասյանին, գլխավոր բուժքույր Արմեդա Վանեսյանին, ավագ բուժքույր Նորա Կարապետյանին, բժիշկ-անեսթեզիոլոգ Երվանդ Ավագյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդված 2-րդ մասով, այն է` սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում` նրանց առողջությանը պատճառելով ծանր վնաս։
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցվածչէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: