ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը սահմանում է, որ պայմանագիրը գրավոր ձևով կարող է կնքվել կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու, ինչպես նաև փոստային, հեռագրային, հեռատիպային, հեռախոսային, էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով փաստաթղթեր փոխանակելու միջոցով, որոնք հնարավորություն են տալիս ճշգրիտ որոշել, որ փաստաթուղթը ելնում է պայմանագրի կողմից:
Ներկայիս դարաշրջանում ավելի ու ավելի շատ ընկերություններ են պայմանագրերը կնքում էլեկտրոնային միջոցներով փաստաթղթերի փոխանակմամբ, ինչն առավել արդյունավետ է ու նվազ ծախսատար: Նման դեպքերում, օգնության է գալիս էլեկտրոնային ստորագրությունը, ավելին, փաստաթղթի պաշտպանվածությունն ապահովելու նպատակով էլեկտրոնային փաստաթուղթը կարող է ներառել մեկ կամ մի քանի էլեկտրոնային ստորագրություններ:
Իսկ ի՞նչ է էլեկտրոնային ստորագրությունը:
Էլեկտրոնային ստորագրությունը թվային պայմանանշանների եզակի հաջորդականություն է, որը կցված է էլեկտրոնային փաստաթղթին եւ օգտագործվում է ստորագրող անձին նույնականացնելու, ինչպես նաեւ էլեկտրոնային փաստաթուղթը կեղծիքներից ու աղավաղումներից պաշտպանելու համար:
«Էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթն ունի նույն իրավական նշանակությունը, ինչ որ անձի ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթուղթը»,- այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը:
Իրավաբանի խոսքով` էլեկտրոնային փաստաթղթի բնօրինակը գոյություն ունի միայն էլեկտրոնային կրիչի վրա:
Էլեկտրոնային թվային ստորագրության և դրա ստուգման տվյալների պատկանելիությունը ստորագրող անձին հավաստվում է էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրով, որը տրամադրում է հավաստագրման կենտրոնը:
Աղբյուրը` Իրավաբան.net
Էլեկտրոնային թվային ստորագրությունն ունի նույն իրավական նշանակությունը, ինչ ձեռագիրը

