ՀՀ Քննչական կոմիտեի պետի տեղակալ, իրավագիտության դոկտոր Արթուր Ղամբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով դատախազի կողմից նախաքննության ժամկետի չերկարացնելու կոնկրետ դեպքի վերաբերյալ առաջին ատյանի դատական ակտին.
«Այն ինչից խուսափեց ՀՀ սահմանադրական դատարանը օրենսդրական բացի պատրվակով (թիվ ՍԴՈ 1143 որոշմամբ)` այն է վերականգնել տուժողի` արդարադատության մատչելիության սահմանադրական խախտված իրավունքը, իրականացրեց Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի Դատավոր Ռ. Պապոյանը (09.09.2015թ–ի որոշմամբ), ով նշեց, որ հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը, որի վրա դրված է քրեական գործի քննության լրիվության, բազմակողմանիության և օբյեկտիվության ապահովման պատասխանատվությունը, չերկարացնելով թիվ 16138514 քրեական գործով նախաքննության ժամկետը, քրեական գործով վարույթը հայտնվել է փակուղային վիճակում, իսկ տուժող Ա.Մ.–ն` անորոշ իրավիճակում, զրկվելով իր մի շարք իրավունքները իրականացնելու հնորավորությունից։
Կարծում ենք Դատավոր Ռ. Պապոյանի դիրքորոշումը տեղավորվում է ՀՀ Սահմանադրության 3–րդ հոդվածի արժեհամակարգում։ Քրեական վարույթի հանրային մասնակիցները, միմյանց հետ փոխհարաբերություններում, իրենց իշխանական լիազորություններն իրականացնելիս չպետք է օրենքը մեկնաբանեն այնպես, որի արդյունքում մարդը կզրկվի արդարադատության մատչելիության իրավունքից»,- գրել է Ա. Ղամբարյանը։