ՃՈ-ն վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 2-րդ մասով քաղաքացի Հունան Ավետիսյանին ենթարկել է վարչական պատասխանատվության` տուգանվելով 30.000 ՀՀ դրամով` MERCEDES-BENZ մակնիշի տրանսպորտային միջոցով արագության գերազանցման համար, Իսկ ԴԱՀԿ-ն, ոստիկանության որոշումը հիմք ընդունելով, «Պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին» որոշում է կայացրել:
Քաղաքացին Վարչական դատարան հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ ճանապարհային ոստիկանության` «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին։ Դատարանը հայցադիմումն ընդունել է վարույթ։
Ներկայացված հայցով` հայցվորը վիճարկել է Ոստիկանության կողմից լուսանկարահանման սարքի միջոցով հայտնաբերված իրավախախտման համար վարչական պատասխանատվություն նախատեսող որոշումը այն հիմքով, որ խախտման պահին նա չի վարել ավտոմեքենան։
«Թեև նշված է, որ իրավախախտումը կատարվել է հայցվորին սեփականության իրավունքով պատկանող MERCEDES-BENZ մակնիշի տրանսպորտային միջոցի օգտագործմամբ, այդուհանդերձ, անհրաժեշտ եմ համարում նշել, որ MERCEDES-BENZ մակնիշի տրանսպորտային միջոցն իմ վստահորդի կողմից այդ օրը և այդ ժամին չի շահագործվել»,- հայցադիմումում նշել է Ավետիսյանի շահերի ներկայացուցիչը:
Դատարանի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ոստիկանությունը ոչ միայն չի վիճարկել տվյալ փաստը, այլև հայցադիմումի պատասխան ընդհանրապես չի ներկայացրել։ Իսկ վարչական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածը սահմանում է ապացուցման կարիք չունեցող փաստերը` ի թիվս նրանց, որոնք հակառակ կողմը չի վիճարկում մյուս կողմի վկայակոչած փաստը և դատարանն էլ դրանց ապացուցումը չի համարում անհրաժեշտ, ապա այդ փաստը համարվում է ապացուցված։
Հետևաբար դատարանը, դատավոր Արթուր Ծատուրյանի նախագահությամբ, կատարելով բազմակողմանի ուսումնասիրություն, վճռել է բավարարել Հունան Ավետիսյանի հայցը` ընդդեմ ՀՀ ճանապարհային ոստիկանության և «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշումն անվավեր ճանաչել:
Ինչպես նաև ճանապարհային ոստիկանությունից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 4.000 դրամ` որպես նախապես չվճարված պետական տուրքի գումար։
Լ . Մամյան