Ներկայիս գործով Քրեական դատավարության օրենսդրությամբ՝ եթե անձին ձերբակալում են, ապա այդ պահից սկսած 72 ժամվա ընթացքում նախաքննական մարմինը, եթե անձը մեղադրյալի կարգավիճակ է ստանում, կարող է ցանկացած պահի դիմել դատարան` անձին կալանքի տակ առնելու միջնորդությամբ: Պրակտիկան ցույց է տալիս, որ դատարան կարող են ներկայացնել ընդհուպ 72-րդ ժամին և անձը, հակառակ օրենքի, 72-րդ ժամը լրանալուց հետո էլ ազատ չի արձակվում: Իսկ դատարանն էլ, բնականաբար, ողջամիտ ժամանակ չի ունենում` միջնորդությունը քննելու համար:
Քրեական դատավարության նոր օրենսգրքի (ՔԴՕ) նախագծով սակայն փոփոխություն է արվել. նախաքննական մարմնին տրվել է 60 ժամ` անձին դատարան ներկայացնելու համար, իսկ 12 ժամը վերապահվել է դատարանին` կալանքի միջնորդությունը քննելու և որոշում ընդունելու համար: Այս նոր կարգավորումը սակայն քննչական մարմինների կողմից հավանության չի արժանացել: Նրանք պնդում են, որ հատկացված 60 ժամը բավականին քիչ է՝ բավարար քննչական գործողությունների և ապացույցների ձեռքբերման համար: Մասնավորապես, նշվում է, թե գիշերային ժամերը երբ դուրս է բերվում, ստացվում է, որ քննիչն աշախատելու համար ընդամենը 44 ժամ է ունենում:
Այս հարցի վերաբերյալ սակայն նախկին ՀԿԳ քննիչ և Լոռու մարզի դատախազ, ներկայումս «Ֆակտում» փաստաբանական գրասենյակի ղեկավար Հակոբ Ղարախանյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց, որ կողմ է նման փոփոխությանը.
«Ներկայումս օգնության է եկել ժամանակակից զարգացած տեխնոլոգիան, գիտությունը: Պետք է այնքան ճիշտ պլանավորեն ու համակարգեն իրենց աշխատանքը, որ հասցնեն և աշխատել, և հանգստանալ: Եվ չփորձեն իրենց հանգստանալու իրավունքը հավասարեցնել անձի 3-4 օր անորոշության մեջ մնալու հետ: Թող ոչ ոք իր իրավունքները չռեալիզացնի ուրիշի իրավունքների հաշվին»: