Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող, կալանավորված «Յանուս» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մխիթար Մոս-Մուշեղյանը երեկ զանգահարել էր «Հրապարակի» խմբագրություն եւ մի շարք բացահայտումներ արել: Իրավաբան.net-ը փորձեց նրա պաշտպան, փաստաբան Արտակ Գարոյանից տեղեկանալ` արդյո՞ք այս քայլով նախաքննական գաղտնիք չի բացահայտվել և այն չի խոչընդոտի նախաքննության ընթացքին:
Պարոն Գարոյանը ասաց, որ ինքը բացարձակ տեղյակ չի եղել, որ իր պաշտպանյալը ցանկանում է նման բան անել. «Ես էլ եմ մամուլից իմացել այդ մասին, լրագրողները ինձ զանգահարեցին ասացին: Մուշեղը ինձ նախապես ոչինչ չի ասել: Երևի ինչ-որ տեղից հեռախոս է գտել և զանգել, իր իրավունքն է, ի՞նչ ասեմ»: Փաստաբանի փոխանցմամբ` ամսի 30-ին տեղի է ունենալու նիստ` Մխիթար մուշեղյանի կալանքի որոշումը երկարաձգելու համար:Իսկ առայժմ նա գտնվում է Նուբարաշենի հոգեբուժարանում և անցնում է փորձաքննություն:
Արտակ Գարոյանը չցանկացավ խնդրի մասին այլ տեղեկություններ մանրամասնել, քանի որ տվյալ գործով զբաղվելու է այլ պաշտպան: