Պրակտիկայում քննիչները գործը քննում են մեղադրական հակվածությամբ, ձեռք են բերվում գլխավորապես մեղադրանքը հաստատող ապացույցներ, իսկ պաշտպանների հնարավորությունները խիստ սահմանափակ են ապացույցների ձեռքբերման հարցում. խնդրի մասին բարձրաձայնում են փաստաբանները:
Այնինչ, Քրեական դատավորության օրենսգրքով (ՔԴՕ), քննիչը պարտավոր է հավաքել թե արդարացնող, թե մեղադրանքը հաստատող ապացույցներ և սրանց համակցությամբ մեջ եզրակացություններ անել: Մասնավորապես, ՔԴՕ 17-րդ հոդվածի 3-րդ կետը սահմանում է.
«Քրեական հետապնդում իրականացնող մարմինը պարտավոր է ձեռնարկել սույն օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները` գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար, պարզել ինչպես կասկածյալի և մեղադրյալի մեղավորությունը հիմնավորող, այնպես էլ նրանց արդարացնող, ինչպես նաև նրանց պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները»:
Միևնույն ժամանակ նույն Քրեական դատավարության օրենսգիրքը քննիչին դասում է մեղադրանքի կողմում (գլուխ 7, 55 հոդված):
Այն հարցին, թե պրակտիկայում քննիչը օբյեկտի՞վ է, ինչպես սահմանում է ՔԴՕ 17 հոդվածը, թե՞, այնուամենյանիվ, մեղադրանքի կողմ է, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում պատասխանում է.
«Մեղադրանքի կողմ է, քանի որ ավելի շատ ապացույցներ է հավաքում մեղադրանքի ուղղությամբ: Ու թեև ՔԴՕ-ում մեղադրական եզրակացությունը կազմելիս պետք է նշվեն ինչպես մեղադրանքը հիմնավորող, այնպես էլ արդարացնող ապացույցները՝ թեկուզ դրանք հերքելու պարտականությամբ, սակայն ես գրեթե չեմ հանդիպել նման եզրակացություն, որտեղ ի պաշտպանություն մեղադրյալի փաստարկներ վկայակոչված լինեն»:
Փաստաբան Երեմ Սարգսյանի խոսքով, համակարգի աշխատողների մոտ կա կոմպլեքս, որ եթե ծանր մեղադրանքներ չեն առաջադրվում՝ ծանր պատիժներով, ապա կարող է կոռումպացված լինելու տպավորություն ստեղծվել կամ վերադասի կողմից նկատողություն ստանալ «գործը կոտրելու» համար: Եվ հիմնականում աշխատում են մեղադրանքը հաստատելու ուղղությամբ.
«Լինում են դեպքեր, երբ միջնորդություն ենք ներակայացնում, որի արդյունքում ձեռք են բերվելու մեղադրանքը հերքող ապացույցներ, վարույթն իրականացնող մարմինը մերժում է միջնորդությունը»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում նշում է փաստաբան Երեմ Սարգսյանը:
Փաստաբան Լիպարիտ Սիմոնայանը խոսում է նաև նախաքննության ժամանակ պաշտպանական, և մեղադրական կողմերի անհավասար վիճակում գտնվելու մասին. «Եթե քննիչն է վկային հարցաքննել, ապա այդ հարցաքննության արձանգրությունն արդեն իսկ ապացույց է, բայց եթե պաշտպանական կողմը գիտի, որ այսինչ անձը ականտես վկա է, նրան հարցաքննում է, ապա դա չի դառնում ապացույց: Պետք է այդ հարցաքննությունը ներկայացնել քննիչին, միջնորդել, որ անձին հարցաքննի, և միայն դրանից հետո այդ հարցազրույցի արձանագրությունը կդառնա ապացույց»:
Նա իր պրակտիկայից է օրինակ բերում.«Իմ պաշտպանյալ Ա․Ա․-ի հայրը՝ Լավրենտի Առուշանյանը, իր և նախկին պաշտպանի հետ զրույցը ձայնագրել էր և դրանում արձանագրվում էին առերես հարցաքննության ժամանակ տեղի ունեցող իրադարձությունների մասին նյութեր, որոնք հիմք էին տալիս ապացույցը անթույլատրելի ճանաչելու: Մենք նաև ներկայացրել էինք այդ ձայնագրությունը վարույթն իրականացնող մարմնին, միջնորդել համապատասխան գործողություններ անել, փորձաքննություն նշանակել, սակայն չէին արել: Մենք էինք դիմել փորձագիտական կենտրոնին, ստացել էինք եզրակացություն և այդ եզրակացության վերաբերյալ վերաքննիչ դատարանը նշել էր, թե քանի որ դա պաշտպանական կողմից ձեռքբերված նյութ է, հետևապես՝ չի կարող լինել ապացույց»,- ասաց Լ. Սիմոնյանը:
Նոր ՔԴՕ նախագծով փաստաբաններն ավելի լայն լիազորություններ կունենան
Քրեական դատավարության նոր օրենսգրքի համահեղինակ, արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշում է, որ թեև վերոհիշյալ հակասությունները կան գործող ՔԴՕ-ում, այնուամենայնիվ, պետք է ընդունել, որ կա մինչդական վարույթ իրականացնող օբյեկտիվ մարմնի մոդել՝ ի տարբերություն այլ երկրների, որտեղ քննիչը բացառապես մեղադրանքի կողմ է:
Նա օրինակ է բերում ամերիկյան մոդելը, որտեղ թեև պաշտպանական կողմն ունի լայն ապացույցներ ձեռքբերելու հնարավորություն, սակայն, միևնույն ժամանակ, քննիչը բացառապես մեղադրանքի կողմ է և մեղադրանքը հիմնավորող ապացույցներ է բերում:
Ռ. Մելիքյանի խոսքով, ընդունելի չի կարող լինել այն տարբերակը, որ քննիչը լինի օբյեկտիվ, միևնույն ժամանակ փաստաբանն ունենա լայն հնարավորություններ՝ ապացույցներ ձեռքբերելու համար: Սակայն նոր ՔԴՕ նախագծով փորձ է արվել այս երկու մոդելների առավելություններից օգտվել, փաստաբանների լիազորություններն ավելացվել են.
«Մասնավորապես նախատեսվել է հնարավորություն՝ փորձագիտական կարծիք ստանալու: Սա շատ կարևոր նորամուծություն ենք համարում, որը քննադատվում է այն մասնագետների կողմից, ովքեր գտնում են, որ օբյեկտիվ քննության պարագայում սա ավելորդ գործիք է»:
Ռ. Մելիքյանը հավելում է, որ նոր ՔԴՕ նախագծով ներդվելիք դեպոնացման ինստիտուտից կարողանալու են օգտվել նաև պաշտպանները. «Ոչ միայն մեղադրանքի, այլև պաշտպանական կողմը կարող է միջնորդել կատարել ցուցմունքի դեպոնացում, այն դեպքում, երբ սուբյեկտի ցուցմունքը ունի վճռական նշանակություն, և որոշակի պատճառներով ապացույցը կարող է կորչել, և քննիչը հրաժարվում է իրականացնել հարցաքննություն: Սա երաշխիք է, որ հարցաքննությունից չհրաժարվի»:
Նշենք նաև, որ ՔԴՕ նոր նախագծով քննիչը ներառված չէ մեղադրանքի կողմում: Ինչ վերաբերում է քննիչների մեղադրական հակում ունենալուն, Ռ. Մելիքյանը նշում է, որ երկար ժամանակ նրանք աշխատել են որևէ գերատեսչության ներքո, սակայն այժմ, երբ քննչական ապարատը կայանում է որպես անկախ կառույց, ժամանակի ընթացքում այս խնդիրը նույնպես կլուծվի:
Ա.Կ.