«Գովազդի մասին» ՀՀ օրենքի սոցիալական գովազդի մասը բավականաչափ թերի է

Երբ մարդը տեսնում է, որ իր ունեցած սոցիալական խնդիրը բարձրաձայնվում է նաև ԶԼՄ-ներով, նրա մոտ թուլանում է սոցիալական խնդրի նկատմամբ լարվածությունը: Իսկ խնդրի լուծման համար պատասխանատու պաշտոնյան ավելի զգոն է լինում և խնդիրն արագ լուծում տալու ուղիներ է փնտրում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Աուդիո- Վիզուալ լրագրողների ասոցիացիայի» նախագահ Արզուման Հարությունյանը` հավելելով, որ մեր երկրում սոցիալական գովազը շատ ցածր մակարդակի վրա է գտնվում:

«Գովազդի մասին օրենքի 13 հոդվածը, երբ առաջին անգամ կարդում ես` քեզ կարող է թվալ, որ սոցիալական գովազդը պետք է Հայաստանում տարածվի անվճար և այն պետք է լինի առաջնային: Երբ արդեն 2-րդ անգամ ես կարդում, ապա պարզվում է, որ սոցիալական գովազդն այսօր հավասարեցված է առևտրային գովազդին և պետք է տարածվի առաջնահերթ»,- ասում է Արզուման Հարությունյանը:

Նրա խոսքով` «Գովազդի մասին» ՀՀ օրենքի սոցիալական գովազդի մասը բավականաչափ թերի է` չկա հստակ սահմանումը, թե ո˚վ է նայելու գովազդի սոցիալական լինելը, ինչպե˚ս է տեղի ունենալու դրա վերահսկման մեխանիզմները: Աշխարհում տարածված է, որ սոցիալական գովազդի ստեղծման և տեղաբաշխման ծախսերը հոգում է պետությունը:

Մասնագետի տեղեկացմամբ` ԱՄՆ-ում տարեկան արտադրվում է 80.000 թեմայով սոցիալական գովազներ: Բոլոր հետազոտությունները ցույց են տալիս, որ սոցիալական խնդիրների վեր հանման և սոցիալական խնդիրների թուլացման լավագույն միջոցը սոցիալական գովազդն է:

Արզուման Հարությունյանի փոխանցմամբ` իրենք Մշակույթի նախարարության հետ սոցիալական գովազդի վերաբերյալ հայեցակարգ են մշակել:Սակայն այս պահին դեռևս հայեցակարգը կիրարկման փուլ չի մտել:

«Սոցիալական գովազդի վիրտուալ փառատոնի» հաղորդակցման հարցերով խորհրդատու Մարիամ Մովսիսյանը հայտնեց, որ սեպտեմբերի մեկից մեկնարկում է «Սոցիալական գովազդի վիրտուալ փառատոնը»: Նրա կարծիքով` օրենքը կմնա միայն օրենք, թե քաղաքացիական հասարակությունըբ շահագրգռված չլինի դրա կյանքի կոչման հարցում:

Նունե Հովսեփյան

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել