Կայացավ շարժական գույքի գրանցման էլեկտրոնային ծրագրի շնորհանդեսը

Այսօր Նոտարական պալատում տեղի ունեցավ Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման էլեկտրոնային ծրագրի շնորհանդեսը:

«Իրականացվող բարեփոխումների արդյունքում ներդրվեց նաև ապահովված իրավունքների գրանցման, արդյունավետ ապահովված գործարքների համակարգերը, որոնք ներառում են ժամանակակից մի շարք իրավակարգավորումներ: Այս համակարգերը հատկապես օգտակար են փոքր և միջին ձեռնարկության վարկային կարիքների համար, որոնք չունեն անշարժ գույք, որպես գրավի  առարկա օգտագործելու համար»,- ասաց արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը:

Արսեն Մկրտչյանը նշեց, որ վերջին տարիներին Կառավարությունը նախաձեռնել և իրականացնում է մի շարք բարեփոխումներ, որոնք միտված են բարենպաստ տնտեսական միջավայրի ձևավորմանը, ներդրումների խրախուսմանը, փոքր և միջին ձեռնարկություների համար վարկերի հասանելությանը:Այլ կերպ ասած` նախաձեռնությունը նպատակ ունի խթանել շարժական գույքի օգտագործումը որպես վարկային պարտավորությունների ապահովում` բարձրացնելով վարկային միջոցների հասանելիության մակարդակը:

Բանախոսն իր խոսքում նշեց, որ  որ ծրագրի կայացման գործում առաջին իսկ օրից իրենց օժանդակել են USAID, Համաշխարհային բանկը և Մեյսիս ինթերնեյշն սիսթեմս ընկերությունը:

USAID ներկայացուցիչ Հրանուշ Բագրատունյանը, խոսելով շարժական գույքի գրանցման համակարգի մասին, կարևորեց, որ համակարգի միջոցով կարելի է հասնել  2 նպատակի: Առաջինն  այն է, որ կավելանա բանկերի և վարկային կազմակերպություների վստահությունը փոքր և միջին ձեռնարկությունների հետ հարաբերություններում, իսկ երկրորդ` փոքր և միջին ձեռնարկությունները հնարավորություն կունենան իրենց համար կարևոր ֆինանսական ռեսուրսները ստանալ իրենց բնականոն գործունեությունը ծավալելու համար:

Նրա խոսքով` USAID FED ծրագրի կողմից ցուցաբերված տեխնիկական աջակցության և ֆինանսավորման շրջանակներում սեպտեմբերի 19-ին անցկացվել է համակարգի ներդրմանը նվիրված վերապատրաստման դասընթաց, ևս մի քանի դասընթացներ նախատեսվում են ամսվա վերջում:

Համաշխարհային բանկի ներկայացուցիչն էլ, ով այս ծրագրի ստեղծումը որակեց որպես ամենահաջող համագործակցություննրից մեկը, նշեց, որ իրենց ծրագիրը հասցրել են տրամաբանական ավարտին՝ օրենսդրական դաշտի, կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական միջավայրի ստեղծմամբ ու էլեկտրոնային համակարգի ձևավորմամբ:

Զառա Մանուչարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել