«Արմենիա» ԲԿ-ում հիվանդը հարձակվել է բժշկի և ոստիկանների վրա. մանրամասներ հիվանդանոցից և ՔԿ-ից

Երեկ սեպտեմբերի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում: Դեղորայքային թունավորմամբ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք են տեղափոխել 34-ամյա մի տղամարդու, սկզբում նա եղել է անգիտակից վիճակում, երբ արթնացել է, հարձակվել է հիվանդանոցի բժիշկներից մեկի վրա, բռունցքով հարվածել նրա դեմքին: Հիվանդի մոտ եղել է զենք: Նա բռնություն է կիրառել նաև ոստիկանի նկատմամբ, ով եկել է վնասազերծելու հիվանդին:

Իրավաբան.net կայքի հետ զրույցում հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սուրեն Մակարյանը հայտնեց, որ ներկայումս բժշկի ու ոստիկանի առողջական վիճակը բավարար է, նրանք գտնվում են տանը, բավարար է նաև տղամարդու առողջական վիճակը. «Այս պահին նա գիտակից վիճակում է, քիչ հետո տեղափոխվելու է վիրաբուժական բաժին»,- ասաց պարոն Մակարյանը:

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհդական Սոնա Տռուզյանը մեզ հաղորդեց, որ միջադեպի գործով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ 258-րդ հոդվածի (Խուլիգանություն) 3-րդ և 316-րդ հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասերով:

Տղամարդու մեղքն ապացուցվելու դեպքում 258-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկում` առավելագույնը հինգ տարի ժամկետով, իսկ 316-րդ 1-ին մասերով՝ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանք՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել