Մրցունակ է այն պետությունը, որն ունի կրթված հասարակություն,-այս սկզբունքով է ղեկավարվում ՀՀ կառավարությունը:
Անձի կրթումը պետք է սկսել վաղ տարիքից: Նախադպրոցական կրթությունը Հայաստանի Հանրապետությունում շարունակական կրթության համակարգի սկզբնական բաղկացուցիչ մասն է:
Նախադպրոցական կրթությունն ուղղված է երեխայի բազմակողմանի զարգացման ապահովմանը՝ նրա հակումներին, ընդունակություններին, կարողություններին, անհատական, հոգեկան եւ ֆիզիկական առանձնահատկություններին համապատասխան. նախադպրոցական տարիքի երեխայի մեջ վարվելակերպի տարրական նորմերի ձեւավորմանը:
Պետք է նկատի ունենալ, սակայն, որ շատ երեխաներ, սոցիալական խնդիրների պատճառով, զրկված են նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորությունից:
Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի 2011թ. մարտի 31-ի թիվ 1101-Ա որոշմամբ Երևան քաղաքում հաշվառում ունեցող փոքրիկների համար նախադպրոցական կրթությունն անվճար դարձավ: Համաձայն որոշման` վարձ չեն վճարում նաև այն երեխաները, որոնց ծնողները ժամանակավորապես կամ փաստացի հաշվառված են Երևան քաղաքում և չունեն մշտական հաշվառում այլ համայնքում, այն ծնողները, որոնք ազատամարտիկներ են, և նրանք, ովքեր Հայաստանի Զինված ուժերում և այլ զորքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունն իրականացնում են Երևան քաղաքում:
Երևան քաղաքի հաշվառում չունեցող ծնողների երեխաների համար Երևան քաղաքի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխայի նախադպրոցական կրթության չափը վերը նշված որոշմամբ կազմում էր ամսական 18 000 ՀՀ դրամ, իսկ Երևանի քաղաքապետի 2011թ. ապրիլի 04-ի թիվ 1142-Ա որոշմամբ այս մասով փոփոխություն է կատարվել, որի համաձայն ամսական վճարի չափ է սահմանվել 8000 ՀՀ դրամ:
Վերը նշված որոշումը, անշուշտ, կարևոր քայլ էր, սակայն առավել ճիշտ կլինի նախադպրոցական կրթությունը, առանց վերապահումների, անվճար դարձնել ՀՀ ողջ տարածքում:
Աղբյուրը` Իրավաբան.net