Իրանահպատակ ադրբեջանցու սպանության մեղդրանքով ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանը բուժումը շարունակում է ստանալ քաղաքացիական հիվանդանոցում: Իրավաբան.net-ի հետ զրույցում նրա փաստաբան Գրիշա Բալասնյանը ասաց, որ այժմ գտնվում է «Սրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի սրտաբանական բաժանմունքում, բժիշկները վիճակը գնահատում են կայուն ծանր, սակայն դրական տեղաշարժ չի նկատվում. «Նա դեռևս գամված է անկողնում, չի քայլում, չի կարողանում նույնիսկ շարժվել: Բուժումը նորմալ ստանում է, բայց այս պայմաններում որքանով արդյունավետ այն կլինի, դժվարանում եմ ասել»,- ասաց փաստաբանը:
Նրա խոսքո, Սողոմոն Քոչայանին պատժից ազատելու բոլոր հիմքերը կան: Օգոստոսին «Էրեբունի» բժշկական կենտրոնը տվել էր վերջնական ախտորոշումը, որ նա ունի սրտի իշեմիկ հիվանդություն և, Կառավարության 2006 թվականի ընդունած 825-Ն որոշմամբ, ենթակա է պատժից ազատման.
«Կան բոլոր հիմքերը, որպեսզի քրեակատարողական հիմնարկը արագ քայլեր ձեռնարկի, գումարի բժշկական հանձնաժողովի նիստ, որպեսզի տան համապատասխան եզրակացություն` արդյո ՞ք Սողոմոն Քոչարյանը կարող է շարունակել պատիժը և այդ որոշումը պետք է ուղարկվի դատարան, բայց մինչև այս պահը որևէ ակտիվ գործողություն նրանց կողմից չի արվել»,-ասաց մեր զրուցակիցը:
Գրիշա Բալասնյանը երկու անգամ գրավոր դիմել է ԱՆ քրեակատարողական վարչություն, որպեսզի Սողոմոն Քոչարյանի գործը արագացնեն. «Վարչությունից պատասխանեցին, որ գործընթացը կատարվում է օրենքով սահմանված կարգով: Հարցին շատ դիվանագիտորեն են մոտենում, քանի որ օրենքում չկա սահմանված հստակ ժամանակ, թե հանձնաժողովը որքան ժամանակում պետք է նիստ գումարի, այսինքն, թողել են կամայական մոտեցման»:
Նրա խոսքով, քրեակատարողական հիմնարկը հիմա էլ սպասում է «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի վերջնական ախտորոշմանը, որը տրվում է միայն այն ժամանակ, երբ հիվանդանոցից հիվանդին դուրս են գրում, մինչդեռ նրանք չեն էլ փորձել դիմել հիվանդանոցին և ստանալ ընթացիկ ախտորոշումը:
Լաուրա Մամյան
Լուսանկարը՝ «Հետք»-ի