Հրաժարվում են կատարել դատարանի վճիռը

«Նաիրիտ» գործարանի  դեմ դատական գործ հարուցած  աշխատակիցները նորից ստիպված են սպասել իրենց հասանելիք գումարները ստանալուն: Այս մասին Իրավաբան.net-ին  հայտնեց Հայկանուշ Թութունջյանը, ով ևս դատարան էր դիմել աշխատավարձի  գումարի և տոկոսների բռնագանձման պահանջով: Դատարանը բավարարել էր հայցվորի պահանջը և վճիռն ուղարկվել էր ԴԱՀԿ:

«Գնացի ԴԱՀԿ ծառայություն, այնտեղից ինձ նորից ուղարկեցին դատարան`ասելով, որ վճռի արգելակման պահանջ պետք է լինի, քանի որ հիմա գումարն ու տոկոսները չեն կարող տալ»,- ասաց Հ. Թութունջյանը:

Այնտեղից հրաժարվել են վերադարձնել կնոջ աշխատավարձն ու տոկոսները` պատճառաբանելով, որ «Գազպրոմ Արմենիա»-ն Նաիրիտին դատի է տվել՝ սնանկ ճանաչելու պահանջով, և մինչև դատական գործը չավարտվի, գումար չեն կարող վերադարձնել:

«Նաիրիտ»-ում Հայականուշ Թութունջյանին  կրկին  առաջարկել են ստորագրել պայմանագիրը, որով նա  կկարողանա հետ ստանալ միայն աշխատավարձի մայր գումարը` առանց տոկոսների, սակայն քաղաքացին հրաժարվել է:

Հիշեցնենք, որ Հայկանուշ Թութունջյանը  չէր  ստորագրել  մայր գումարը ստանալու պայմանագիրը և շարունակել է դատական կարգով պահանջել թե՛ աշխատավարձը, թե՛ իրեն հասանելիք տոկոսները: Արդյունքում դատարանը կայացրել էր  դատական ակտ, որով բավարարարել էր  ինչպես հիմնական աշխատավարձի, այնպես էլ տոկոսագումարների բռնագանձման պահանջը: Մայր գումարը կազմում է  1 մլն դրամ, իսկ տոկոսագումարները՝ 560 հազար դրամ:

Լաուրա Մամյան

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել