Ազատ տնտեսական գոտում գործում են շահութահարկի, ավելացված արժեքի հարկի, գույքահարկի, մաքսատուրքի վճարման արտոնություններ

Ազատ տնտեսական գոտին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հատուկ տարածք է, որը համարվում է Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից դուրս եւ որտեղ ձեռնարկատիրական գործունեությունն իրականացվում է սույն օրենքով սահմանված առանձնահատկություններին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են ստեղծվել տարբեր գործառնական տեսակների ազատ տնտեսական գոտիներ:
Կառավարությունը ազատ գոտու կազմակերպման նպատակով ստեղծում է (հիմնադրում) իրավաբանական անձ, որն ապահովում է ազատ տնտեսական գոտում գործունեության իրականացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումը եւ ծառայությունների մատուցումը:
Ազատ տնտեսական գոտու շահագործող է հանդիսանում բացառապես ազատ տնտեսական գոտում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող Հայաստանի Հանրապետությունում գրանցված առեւտրային իրավաբանական անձը, անհատ ձեռնարկատերը կամ մասնաճյուղը, ինչպես նաեւ օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչությունը, որն ունի կառավարության կողմից տրված համապատասխան թույլտվություն եւ կազմակերպչի հետ կնքված համապատասխան պայմանագիր:
Ազատ տնտեսական գոտում հարկային եւ մաքսային փոխհարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հարկային եւ մաքսային օրենսդրությամբ` հաշվի առնելով, որ ազատ տնտեսական գոտու շահագործողներին տրվում են շահութահարկի, ավելացված արժեքի հարկի, գույքահարկի, մաքսատուրքի վճարման արտոնություններ:
Ազատ տնտեսական գոտում իրականացվող գործարքների, ինչպես նաեւ շահագործողների եւ քաղաքացիաիրավական հարաբերությունների այլ սուբյեկտների միջեւ իրականացվող գործարքների նկատմամբ «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանվում են առանձնահատկություններ:
«Պետք է իմանալ, որ եթե ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին կառավարության որոշման ընդունումից հետո` մեկ տարվա ընթացքում, ազատ տնտեսական գոտու գործունեությունը չի մեկնարկվում, ապա ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին կառավարության որոշումը համարվում է չեղյալ»,-Իրավաբան.net-ին հայտնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել