Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է իր անկախության 24-ամյակը: Անկախության ձեռքբերումը տարիներ ի վեր ցանկացած կախյալ պետության գլխավոր նպատակն է: Այնուամենայնիվ Հայաստանը իր անկախությունը ձեռք բերեց դեռ 20-րդ դարավերջին, երբ գտնվում է ԽՍՀՄ-ի իշխանության տակ:
Անկախ Հայաստանի ձեռբերումների, նվաճումների ու բացթողումների մասին Իրավաբան.net-ը զրուցեց փաստաբանների հետ: Փաստաբան Երվանդ Վարոսյանը այս տարիների ընթացքում Հայաստանի ձեռքբերումը համարեց հենց անկախությունը.
«Անկախ Հայաստանի նվաճումները սահմանափակվում են անկախությամբ, սակայն միայն անկախությունը չպիտի լիներ պետության նվաճումը: Անկախությունից հետո պետք է լիներ օրենքի առջև բոլորի հավասարություն, արդարություն: Պետք է լինեին այն բոլոր չափանիշներն ու սկզբունքները, որ Հայաստանը որդեգրել է անկախության մասին հռչակագրով»,- ասաց փաստաբանը:
Փաստաբանը նշեց, որ ներկայիս հասարակությունը անկախությանը ավելի լուրջ է վերաբերում և անկախության ցանկացած սահմանափակման փորձ կարժանանա հասարակության արժանի դիմադրողականությանը:
«Հայաստանի Հանրապետության անկախությունից հետո ծնել են բազմաթիվ օրենքներ, բայց մենք օրենքի իրական կիրառություն այդպես էլ չունենք: Պետք է օրենքը գործի ամբողջ ծավալով և քաղաքացիների հանդեպ կիրառվի ամբողջ ուժով: Պետք է բոլորը լինեն հավասար օրենքի առաջ և օրենքը գործի միանշանակորեն»,- հավելեց Երվանդ Վարոսյանը:
Այն հարցին թե արդյոք անկախությունը ձևական բնո՞ւյթ չի կրում, պարոն Վարոսյանը պատասխանեց, որ փորձ է արվում ձևական բնույթ հաղորդել, նսեմացնել այդ գաղափարը, երկրորդ պլան մղելով դրա կարևորությունը:
Փաստաբան Նորիկ Նորիկյանը կարծում է, որ անկախ Հայաստանի ձեռքբերումը անկախ պետականությունն է.
«Ներկա պայմաններում մեզ հաջողվել է ստեղծել կայուն, մարտունակ, իր առաջադրանքը հստակորեն իրականացնող զինված ուժեր և մի շարք համակարգեր, որոնցով հաջողվել է ապահովել անկախ Հայաստանի բնականոն զարգացումը»,- ասաց փաստաբանը:
Երկրի բացթողումների մասին խոսելիս պարոն Նորիկյանը նշեց, որ մեզ չի հաջողվել ամբողջությամբ Հայաստանը դարձնել իրավունքի գերակայության հիման վրա զարգացող երկիր: Նշեց նաև, որ երկրում կան բազմաթիվ սոցիալական խնդիրներ, որոնք լուծվելու կարիք ունեն.
«Ամենամեծ բացթողումը, որը սխալի հիման վրա է գոյացել, այն է, որ մարդիկ արտագաղթում են սոցիալական ծանր պայմաններից դրդված, որը լրջագույն սպառնալիքի տակ է դնում երկրի հետագա կենսագործունեությունը»,- հավելեց փաստաբանը:
Այս բացը լրացնելու համար փաստաբանը անհրաժեշտություն համարեց ստեղծել բարոյահոգեբանական մթնոլորտ, ստեղծել արդարություն, ապահովել բոլորի հավասարությունը օրենքի առջև, ունենալ արդար դատական համակարգ, որպեսզի մարդիկ չհիասթափվեն ու չհուսահատվեն իրենց նկատմամբ ընդունված որոշումներից:
«Պետք է ստեղծվի այնպիսի միջավայր, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին իրեն ինքնաբավ զգա և մտքով անգամ չանկացնի լքել երկիրը, քանի որ այն քաղաքացիները ովքեր լքել են երկիրը ոչ միայն հեռացել են սոցիալ-տնտեսական պայմաններից դրդված, այլ անորոշությունից, արդարության ի սպառ բացակայությունից, իշխանությունների կողմից ոչ իրավաչափ գործողություններից և այլն»,- իր խոսքում նշեց Նորիկ Նորիկյանը:
Բացթողումների մասին ու լրացումների մասին խոսելիս փաստաբանը նշեց, որ ամեն ինչ կապված է մարդկանց ընդհանուր մտածողությունից, քանի որ մարդիկ դեռևս չեն հասել այն հասարակական գիտակցության, որ իրենք կարող են լուծել իրենց խնդիրները:
Հայաստանի Անկախության մասին հռչակագիրն ընդունվել է Հայաստանի Հանրապետության գերագույն Խորհրդի առաջին նստաշրջանում 1990թ. օգոստոսի 23-ին: Հռչակագրով լուծարվել է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը և հռչակվեց անկախ Հայաստանի Հանրապետություն: Հայաստանի Գերագույն Խորհրդի որոշմամբ 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին: Ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների 94,99 տոկոսը «կողմ» քվեարկեց անկախությանը: Սեպտեմբերի 23-ին Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ:
Ազնիվ Սիրադեղյան
Իրավաբան.net