Ուշադրություն. ի՞նչ անել, երբ սպառած էլեկտրաէներգիայի արժեքը գանձում են նոր սակագնով

Վերջին շրջանում քաղաքացիներից շատերը դժգոհություններ են հայտնում, որ օգոստոս ամսվա ընթացքում սպառած էլեկտրաէներգիայի համար գումարային ծախսւ հաշվարկվում է նոր` թանկացված սակագնով: Հիշեցնենք, որ ավելի վաղ այս խնդրի մասին ահազանգել էր նաև փաստաբան Գևորգ Դավթյանը:

Քաղաքացիների կողմից նման բողոքներ ստանում է նաև «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունը. այս մասին Իրավաբան.net-ը զրուցել է «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ի մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանի հետ:

Վերջինիս խոսքով, իրենց շատերն են նույն հարցով զանգահարել, բայց երբ ստուգել են, պարզվել է, որ դա չի համապատասխանում իրականությանը. այսինքն` իրականում վճարները գանձվում են նախկին սակագնով:

Մեր այն հարցին, թե ի՞նչ անել երբ բանկում կամ փոստում սպառած էլեկտրաէներգիայի համար գանձումն արվել է նոր սակագնով, Նատալյա Սարջանյանը պատասխանում է, որ արդեն իսկ վճարված հավելյալ գումարը կհամարվի կանխավճար մյուս ամսվա համար.

«Եթե ունեք կոնկրետ տվյալներ, կարող եք կատարել ճշտումներ ինքներդ` մտնելով մեր կայք. այնտեղ երկու թիվ կտեսնեք`առանձին նշված է ինչպես բաժանորդի կողմից վճարման ենթակա գումարը, այնպես էլ ՀՀ կառավարության կողմից սուբսիդավորվող գումարը»:

Նատալյա Սարջանյանը պարզաբանում է նաև, որ իրենք ի սկզբանե հասկացել են, հաշիվների դուրսգրման նոր մեխանիզմը տարբեր կառույցներում ադապտացման փուլ պետք է անցնի, և կարող է նաև սկզբից դժվարություններ լինեն.

«Կամ մարդիկ, ովքեր զանգահարում ու դժգում են, որովհետև բանկերում կամ փոստում ասում են, որ չգիտեն, թե ինչ սակագնով է գանձվում սպառած էլեկտրաէներգիայի համար, բայց այս դեպքում ևս նշում ենք, որ ավել վճարված գումարը դիտարկվում է որպես կանխավճար»:

Զառա Մանուչարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել