Քաղաքացին հայտնել է, որ հարկադիր կատարողը իրեն պատճառել է 5.5 մլն դրամի գույքային վնաս. ՀՔԾ

Քաղաքացի Անուշ Ու.-ն հաղորդում է տվել այն մասին, որ իր փեսայի գործընկեր, ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության աշխատակից Տիգրան Խ.-ին, 2013 թվականի մայիսին և 2015 թվականի փետրվարին, վաճառել է իրեն պատկանող «Վազ 2107» մակնիշի 1 և «Հյունդայի Էլանտրա» մակնիշի 2 ավտոմեքենա, սակայն, չարաշահելով իր վստահությունը, խաբեությամբ հափշտակել է վաճառքից գոյացած գումարը՝ պատճառելով իրեն ընդհանուրը 5 մլն. 500 հազ. ՀՀ դրամի գույքային վնաս: Այս մասին տեղեկացնում են ՀՔԾ-ից:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակցի կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել