Վերաքննիչ վարչական դատարանը բավարարեց վարորդի բողոքը. նա հաղթեց ՃՈ-ին

Գեղամ Սիմոնյանը հայցադիմումով է ներկայացրել վարչական դատարան՝ նշելով, որ 15.09.2014 թվականին փոստային առաքումով ստացել է Ոստիկանության 05.09.2014 թվականի վարչական տույժ նշանակելու մասին թիվ որոշումը, որի համաձայն իր նկատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասով նախատեսված իրավախախտում կատարելու փաստով նշանակվել է տուգանք 5.000 ՀՀ դրամի չափով։

Ներկայացված լուսանկարի համաձայն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասով նախատեսված իրավախախտումը կատարվել է 24.08.2014 թվականին ժամը 14:59-ի սահմաններում։ Տեսաձայնագրության մեջ պարզորոշ երևում է, որ կանգառ կատարելու պահից մեքենայի վթարային հատուկ ազդանշանները եղել են միացված։

Հայցվորը նշել է, որ տվյալ դեպքում խախտումը կատարվել է 24.08.2014 թվականին 14:59-ի սահմաններում, մինչդեռ տուգանքի նշանակման որոշումը կայացվել է 05.09.2014 թվականին և այն հանձնվել է վարչական ակտի հասցեատիրոջը 16.09.2014 թվականին, այսինքն՝ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված ժամկետների խախտմամբ։

Հայցվորը նաև շեշտել է, որ վարչական պատասխանատվություն սահմանող որոշում կայացնելիս պատկան մարմինը թույլ է տվել օրենքի մեկ այլ խախտում ևս՝ չի կիրառվել Օրենքի 1-ին հոդվածի 4-րդ մասի կարգավորումը, որը պետք է կիրառվեր, քանի որ հայցվորին մեղսագրված իրավախախտման պահին ապացույց տեսաձայնագրությամբ պարզորոշ երևում է, որ կանգառ կատարելու պահից մեքենայի վթարային հատուկ ազդանշանները միացված են։ Հայցվորը խնդրել է վերացնել որոշումը:

Վարչական դատարանը հայցը մերժել է, իսկ Վերաքննիչ վարչականը գտել է, որ այն ենթակա է բավարարման:

Այն արձանագրել է, որ  ծանուցումն ուղարկվել է օրենքի խախտմամբ, իսկ կայանման հետ կապված դատարանը եզրահանգել, որ տրանսպորտային միջոցների կանգառը և կայանումը թույլատրվում է ճանապարհի աջ մասում՝ մայթի մոտ կամ կողնակին, դրանց բացակայության դեպքում՝ երթևեկելի մասի եզրին։ Տրանսպորտային միջոցը տեղակայել թույլատրվում է երթևեկելի մասի եզրին զուգահեռ մեկ շարքով՝ բացառությամբ այն տեղերի (երթևեկելի մասի տեղային լայնացում), որտեղ գծանշմամբ թույլատրված են տրանսպորտային միջոցների կայանելը։ Բացի այդ, Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնների համաձայն վթարային լուսային ազդանշանը, ի թիվս այլ դեպքերի, պետք է միացված լինի կանգառն արգելված տեղերում հարկադրված կանգառի դեպքում, իսկ վթարային լուսային ազդանշանը միացնելուց հետո անհապաղ պետք է տեղադրվի «վթարային կանգառ» ճանաչման նշանը (թարթող կարմիր լապտերիկ)՝ կանգառն արգելված տեղերում հարկադրված կանգառի դեպքում։

Տվյալ դեպքում մեքենայի վթարային հատուկ ազդանշանները միացված են եղել և այդ հանգամանքի առկայության պայմաններում իրավակիրառողի մոտ պետք է օբյեկտիվորեն կասկած ծագեր վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ կետով նախատեսված պատասխանատվության միջոցի կիրառելիության վերաբերյալ, հաշվի առնելով այն, որ նշված հոդվածը սահմանում է այն բացառությունները, որոնց համաձայն բացակայում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ կետով նախատեսված իրավախախտման մեջ անձի մեղքը, ուստի և պատասխանատվության ենթարկելու հիմքերից մեկը։

Դատարանը նաև անհերքելի է համարել, որ հայցվորի կողմից այդ կանոնները մասնակի են պահպանվել, կարմիր լապտերիկը միացված չի եղել, մեքենան կայանված չի եղել սահմանված վայրում և այլն, սակայն դա չի նշանակում, որ վարույթ իրականացնող մարմինը հայցվորի նկատմամբ միջամտող վարչական ակտ կայացնելիս չպետք է հաշվի առներ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ կետով նախատեսված բացառությունը։

Բացի այդ, ըստ բողոքաբերի դատարանը հաշվի չի առել նաև այն հանգամանքը, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` Վարչարարություն իրականացնելիս վարչական մարմիններին արգելվում է միայն ձևական պահանջների պահպանման նպատակով անձանց ծանրաբեռնել պարտականություններով կամ մերժել նրանց որևէ իրավունք տրամադրելը, եթե նրանց վրա դրված պարտականությունները բովանդակային առումով կատարված են։

Տվյալ դեպքում կարմիր լապտերիկի բացակայությունը մեքենայի վթարային ազդանշանների միացված լինելու պայմաններում նշանակում է, որ երթևեկության կանոններով նախատեսված պարտականությունները բովանդակային առումով կատարված են, իսկ ինչ վերաբերում է մեքենան սահմանված վայրում կայանված չլինելուն, ապա տեսաձայնագրությունից ակնհայտ երևում է, որ հայցվորը այդ պահանջը կատարելու հնարավորություն օբյեկտիվորեն չի ունեցել, այդ հատվածներում կայանված այլ մեքենաների առկայության պատճառով։

Ինչևէ, դատարանը որոշել է  վերաքննիչ բողոքը բավարարել` բեկանել վարչական դատարանի վճիռը և այն փոփոխել, անվավեր ճանաչել (վերացնել) ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության որոշումը։

ՃՈ-ն վճռաբեկ բողոք է ներկայացրել, սակայն դատարանը որոշեց այն մերժել:

Պատրաստեց Գևորգ Թոսունյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել