Կուսումնասիրվի ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ պայմանագիրը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

ՀՀ կառավարությունն ընդունել է «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ և համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնության կիրառման համար անհրաժեշտ պայմանները հաստատելու և լիազոր մարմին ճանաչելու մասին» որոշում: Որոշմամբ սահմանվել է, որ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար նախատեսված տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ և համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծումն ազատվում է օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից հաշվարկված մաքսատուրքից, եթե դրանք չեն արտադրվում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում (կամ արտադրվում են ներդրումային ծրագրի իրականացման համար ոչ բավարար քանակով) կամ չեն համապատասխանում ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական չափանիշներին: Վերոնշյալ արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդումային ծրագրերի իրականացման, նոր աշխատատեղերի ստեղծման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:
ՀՀ կառավարությունը նախկինում ընդունած մի շարք որոշումներում կատարել է փոփոխություններ, որոնցով նախատեսվում է թույլատրել ՀՀ մարզերում և Երևան քաղաքում նշված օբյեկտների շինարարական աշխատանքները կազմակերպել բանակցային` առանց մրցույթի հայտարարության ընթացակարգով: Ներկայումս որոշ մարզերում և Երևան քաղաքում ՀՀ 2015 թ. պետբյուջեով և ՀՀ կառավարության տարբեր որոշումներով հատկացված միջոցներով պետք է իրականացվեն բազմաթիվ շինարարական աշխատանքներ, որոնց գործընթացները դեռևս չեն սկսվել: Արդեն ավարտվել են կրթական, մշակութային, բնակելի շենքերի և բարեկարգման հրատապ լուծում պահանջող մի քանի ծրագրերի նախագծանախահաշվային աշխատանքները: Ներկայումս անհրաժեշտ է սկսել և մինչև տարեվերջ ավարտել վերը նշված աշխատանքները:

Կուսումնասիրվի ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ պայմանագիրը

ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերի օտարման վերաբերյալ «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերության հայտի մասին»: «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերությունը դիմել է ՀՀ կառավարությանը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ 100 տոկոս բաժնետոմսերը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանն օտարելու մտադրության մասին: Գործադիրի այս որոշմամբ հանձնարարվում է շահագրգիռ մարմինների ղեկավարներին, մասնավորապես՝ Էներգետիկայի և բնական պաշարների, Արդարադատության, Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարներին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ուսումնասիրել վերոնշյալ ընկերությունների միջև կնքվող պայմանագիրը, ներկայացված փաստաթղթերը և տալ եզրակացություն:

 Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) կառավարութունների միջև 2011թ. դեկտեմբերի 23-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում ԻԻՀ կառավարությունը համաձայնել է տրամադրել 2 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ Իրանի հետ սահմանամերձ բնակավայրերի (Մեղրի և Ագարակ համայնքների) գազի բաշխման ցանցի կառուցման ծրագրի իրականացման համար: Հուշագրի համաձայն` հայկական կողմն իր վրա է վերցրել ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման և ապրանքների ներմուծման գործարքներից գանձվող հարկերի, մաքսատուրքերի և այլ պարտադիր վճարների հետ կապված ծախսերը: Կառավարության այսօրվա նիստում լրացումներ և փոփոխություններ են կատարվել ՀՀ 2015թ. պետական բյուջեում և նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ պետբյուջեում ներառելով հուշագրով նախատեսված ՀՀ կառավարության պարտավորությունները:

Հաստատվել է կենսաթոշակային հաշվում առկա միջոցները ստանալու իրավունք տվող հիվանդությունների ցանկը

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է մասնակցին իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելու իրավունք տվող հիվանդությունների ցանկը: Ցանկում ներառվել են այն հիվանդությունները, որոնցով հիվանդանալու դեպքերում անձի կյանքին անմիջական վտանգ է սպառնում կամ նա ունի ամոքիչ (պալիատիվ) օգնության կարիք: Դրանք են՝ արյան շրջանառության համակարգի, չարորակ նորագոյացությունների, սրտային անբավարարության և այլ ծանր հիվանդությունները:

Զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող ամենամսյա պարգևավճարին վերաբերող օրենսդրության իրավակիրառական պրակտիկայում առաջացող առանձին խնդիրներ լուծելու անհրաժեշտությամբ պայմանավորված կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում:

Գործադիրի մեկ այլ որոշմամբ գումար կհատկացվի ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձի կապակցությամբ Ռուսաստանի Դաշնությունում անցկացվող միջոցառումներին և հիշատակի վայրեր այցելությունների շրջանակում հայ վետերաններին աջակցելու նպատակով:

Այլ հարցեր

Տոհմային երինջների ձեռքբերման այս տարվա գործընթացի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացման նպատակով կառավարությունը լրացումներ և փոփոխություններ կատարել ՀՀ 2015թ. պետբյուջեում և նախկինում ընդունած որոշումներից մեկում: 2015 թ. ներկրվել է 257 գլուխ տոհմային երինջ և անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել ևս 453-ը:

Գործադիրը լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ հաստատելով Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի-ծրագիր 3-ի հողերի օտարման և տարաբնակեցման շրջանակը և դրա փոխհատուցման սկզբունքները: Արդյունքում՝ ամբողջական, հստակ կկարգավորվեն գործընթացի հետ կապված իրավահարաբերությունները, ինչն էլ թույլ կտա առավել արդյունավետ իրականացնել ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչված հողամասերի օտարման գործընթացը՝ պաշտպանելով օտարվող սեփականության սեփականատերերի և ազդեցության ենթակա այլ անձանց շահերը: Մեկ այլ որոշմամբ կառավարությունը հաստատել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի՝ Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի հողի օտարման և տարաբնակեցման ծրագիրը:

Կառավարությունը նախկինում ընդունած որոշումներից մեկում կատարել է լրացումներ, որոնցով առաջարկվում է տրակտոլիտ-պերիդոտիտային ապարների՝ որպես շինանյութերի արտադրության հումքի, ինչպես նաև մետաղագործական, քիմիական, թեթև և արդյունաբերության այլ ճյուղերի հումքի մարված պաշարների համար սահմանել բնօգտագործման վճարի նույն (այդ թվում՝ հաստատագրված) դրույքաչափերը, որոնք սահմանված են մագնեզիունասիլիկատային ապարների համար:
Կառավարությունը ՀՀ 2015թ. պետբյուջեում և նախկինում ընդունած որոշումներից մեկում կատարել է լրացումներ և փոփոխություններ՝ Հայաստանում «Տիկնիկները հանուն խաղաղության և միջմշակութային երկխոսության» համաշխարհային երթի մեկնարկի (հանդիսավոր բացման) և Տիկնիկային թատրոնների միջազգային փառատոն և համաժողով» ծրագրի իրականացման նպատակով:

Գործադիրի մեկ այլ որոշմամբ Մշակույթի նախարարությանը կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 5մլն դրամ` Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կողմից Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 24-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման կազմակերպման նպատակով:

Իրավաբան.net
 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել