Սեպտեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը:
Պատգամավորները շարունակել են քննարկել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը:
Խորհրդարանականները շարունակել են հարցեր ուղղել հիմնական զեկուցող, ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանին:
Հարցերը հիմնականում վերաբերել են խորհրդարանում քաղաքական ուժերի ներկայացվածությանը, քաղաքական մենաշնորհին, նվազագույն աշխատավարձի սահմանմանը, խղճի, սեփականության, ընտանիքի սահմանափակումներին, ժողովրդավարությանը, Հայ առաքելական եկեղեցու եւ պետության հարաբերություններին, պատգամավորների լիազորությունների դադարեցմանը, նախարարությունների թվաքանակին, նոր խմբակցություններ ստեղծելու իրավական արգելքին, կրթության իրավունքին, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի իրավասություններին, վարչապետի լիազորություններին, սեփականության իրավունքին, փոխվարչապետերի թվաքանակին եւ այլն:
Նախագծի քննարկումը կշարունակվի Ազգային ժողովի սեպտեմբերի 17-ի նիստում:
«ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ վերջին նիստում ՀՀ կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին: