ՌԴ-ն իջեցրել է Հայաստանին մատակարարվող գազի գինը, սակայն կառավարությունը փոփոխություն չի արել

Վերջին ժամանակահատվածում միջազգային շուկայում էներգակիրների գները անկում են ապրում: Այսօր խորհրդարանում հայտարարեց պատգամավոր Մհեր Շահգելդյանը: Նա շեշտեց. «Իմ տեղեկություններով՝ հունվարի 1-ից ՌԴ 25 դոլարով իջեցրել է նաև Հայաստանին մատակարարվող գազի գները: Այս իրավիճակը բացարձակապես չի ազդում ՀՀ այս էներգակիրների գների վրա, սա վերաբերում է 100-հազարավոր մարդկանց: Ինչպիսի՞ զարգացումներ մենք կարող ենք ակնկալել գների իջեցման տեսանկյունից և ինչո՞ւ՝ այսօր՝ այս իրավիճակում նավթի և գազի հետ կապված գները չեն իջնում»:

Ի պատասխան՝ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն ասաց, որ ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ստորագրվել է համաձայնագիր և գազի գին սահմանվել է 165 դոլար, այդ գինը կգործի մինչև 2016թ. հունվարի 1-ը: Նա նաև հաստատեց պնդումը, որ ՌԴ-ի կողմից իջեցում եղել է, սակայն կառավարությունն այլ որոշում է կայացրել: Նախարարը պարզաբանեց. «Ի՞նչ ազդեցություն ունեցավ գազի գների իջեցումը ՀՀ տնտեսության վրա: ՀՀ ընդհանուր տնտեսական բլոկում՝ ոչ ազգաբնակչության մասին է խոսքը, գազի վաճառքի գինը ներքին սպառողների համար սահմանվում է  դոլարով, որպեսզի դրամ-դոլար կուրսային փոփոխություններն ու դրանից կրած վնասները մեծ ազդեցություն չունենան «Գազպրոմ» ընկերության վրա և հաշվի առնելով «Գազպրոմ» ընկերության ընդհանուր համակարգում կատարվելիք պարտադիր աշխատանքներն ու շահագործողական ծախսերը՝ անվթար և որակով գազամատակարարման հետ կապված, որոշում կայացվեց, որ տարբերությունը 24 դոլարի սահմանով մնա «Հայգազարտ» ընկերության տրամադրության տակ, այնպես որ ներքին գների փոփոխություն չեն եղել և որևէ ազդեցություն ներքին գների վրա չի ունեցել այդ իջեցումը»:

Իսկ պատգամավորը նաև հավելեց, որ նավթի գները անկման հետ կապված բենզինի գները նույնպես չեն իջնում, նախարարը պատասխանեց՝ բանակցություններ են ընթանում երկու կառավարությունների միջև, դեռևս հստակ որոշում չկա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել