«Քաղաքական մենաշնորհի խնդիրը չի կարող որևէ կառավարման համակարգ լուծել»

Քաղաքական մենաշնորհի խնդիրը չի կարող որևէ կառավարման համակարգ լուծել, ամեն ինչ կախված է տվյալ երկրի և համակարգի առանձնահատկություններից: Այսօր ԱԺ-ում ընթացող քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը:

Նա հավելեց. «Այն համակարգը, որն առաջարկվում է Սահմանադրական բարեփոխումների շրջանակներում, շատ ավելի լայն հնարավորություններ է ստեղծում, որպեսզի այդ քաղաքական մենաշնորհը չլինի կամ նվազագույնս լինի, քան ներկայիս Սահմանադրությունը»:

Ըստ պարոն Պողոսյանի՝ սահմանադրական իրավունքը ստեղծում է խթանիչներ, որոնք կնպաստեն քաղաքական մենաշնորհի չեզոքացմանը, սակայն Սահմանադրությունն ինքնին չի կարող խնդրին լուծում տալ:

Խոսելով պառլամենտական համակարգում Ազգային ժողովի լծակներից նա ասաց, որ խորհրդարանի ամենակարևոր լծակն անվստահություն հայտնելն է կառավարությանը. «Եթե դուք մտածում եք, որ անվստահության քվեն չի օգտագործվելու, ապա ավելի լավ է մենք անցնենք նախագահական համակարգի, որտեղ գործադիրն ու օրենսդիրը շատ մեծ չափով տարանջատված են, որևէ մեկը մյուսի վրա ազդեցության լծակ չունի՝ պաշտոնավարման ժամկետը թուլացնելու տեսանկյունից, բայց ամեն մեկն ունի այնպիսի ֆունկցիաներ, որ առանց դրա հաշվառման մյուսը չի կարող իր գործառույթներն իրականացնել»,- նշեց նա:

Ըստ սահմանադրականագետի՝ մեր այսօրվա կառավարման համակարգն ավելի շուտ միտված է դեպի պառլամենտական համակարգի. «Եթե կառավարությունն է միակ քաղաքական պատասխանատուն՝ նաև ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունելու տեսանկյունից, ապա Ազգային ժողովն բնականաբար ունի հսկայական ներգործության լծակներ: Սահմանադրական իրավունքի մակարդակով ավելի լավ լծակներ մինչև հիմա մարդկությունը չի հորինել»,- եզրահանգեց պարոն Պողոսյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել