ՀՀ Վարչական դատարանը քննության է առել թիվ ՎԴ6/0069/05/14 վարչական գործն ըստ հայցի`ՀՀ ոստիկանության ընդդեմ` Արտաշես Շահենի Սերգոյանի` «Վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին» և կայացրել է վճիռ, որով մերժել է ՀՀ ոստիկանության հայցն ընդդեմ` Արտաշես Շահենի Սերգոյանի` «Վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին» պահանջը: Այս մասին Իրավաբան.net-ին տեղեկացրեց Վարչական դատարանում քաղաքացի Արտաշես Սերգոյանի շահերի պաշտպան Կարեն Թումանյանը, նա փոխանցեց, որ գործն ավարտվել է հուլիս ամսին, սակայն վճիռը ստացել է այսօր:
Փաստաբանի փոխանցմամբ՝ ոստիկանությունը ցանկանում էր, որ Արտաշես Սերգոյանին վարչական պատասխանատվության ենթարկվի այն բանի համար, որ նա 2014 թվականի հունվարի 28-ին Երևան քաղաքի Ազատության հրապարակում անցկացվող ՀՀ բանակի օրվան նվիրված տոնական միջոցառման ժամնակ մոտեցել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մուտքի դիմաց փռված ուղեգորգին և որպես բողոքի նշան պաստառ պարզելու միջոցով ներկայացրել էր պահանջ բանակում զոհված զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ գործերի օբյեկտիվ քննության մասին»: Այն հարցին, թե քաղաքացին եղել է զոհված զինծառայողի ծնող, պարոն Թումանյանը նշեց. «Ոչ, նա հասարակական կազմակերպության աշխատող է»:
Իր բողոքն արտահայտելուց հետո ցուցարարին բերման են ենթարկել ոստիկանները և կազմել արձանագրություն նրա կողմից կատարված վարչական իրավախախտում կատարելու մասին:
ՀՀ ոստիկանությունը Վարչական դատարանից խնդրել էր Արտաշես Սերգոյանին ենթարկել վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի պահանջով: