ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածը արտագրվել է ՌԴ Սահմանադրությունից. Վարդան Պողոսյան

ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածը սահմանում է, որ «Ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով՝ օրենքով նախատեսված դեպքերի։

Սեփականության օտարումը հասարակության եւ պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ՝ գերակա հանրային շահերի դեպքերում, օրենքով սահմանված կարգով, նախնական համարժեք փոխհատուցմամբ»։

ՀՀ նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանի համոզմամբ՝ այս հոդվածը տարաբնույթ խնդիրների տեղիք է տալիս:

«Սեփականությունից յուրաքանչյուր զրկում, սեփականությունից օտարում չէ, քանի որ կարելի է զրկել նաև առգրավման միջոցով կամ էլ, օրինակ, վտանգավոր իրավիճակներ են առաջացել, հանրության համար լուրջ վտանգ են ներկայացնում ինչ-որ նյութեր, կենդանիներ, սննդամթերք, ինչպե՞ս պետք է վարչական մարմինը երկար սպասի դատարանի որոշման, նոր հնարավորություն ունենա առգրավվելու այդ վտանգավոր նյութերը»,- նշեց նա:

Ըստ իրավաբանի հոդվածը պարզապես արտագրվել է ՌԴ Սահմանադրությունից. «Մենք այն հազվադեպ պետություններից մեկն ենք, որ մեխանիկորեն արտագրել ենք 31-րդ հոդվածը ռուսական սահմանադրությունից և ՌԴ-ն ինքը խնդիրներ ունի այս հոդվածի հետ կապված»:

Այդուհանդերձ, պարոն Պողոսյանը շեշտեց, որ նոր նախագծով առավել արդյունավետ լուծում է տրվում խնդրին. «Սահմանադրության փոփոխությունների նախագիծն առաջարկում է, որ նախնական սահմանադրական վերահսկողությունների դեպքերը պետք է ամրագրվեն օրենքով, բոլոր այն դեպքերը, երբ սեփականությունից զրկումը ծանր հետևանք է առաջացնում սեփականատիրոջ համար, պետք է նախատեսվի դատական պաշտպանության միջոցներ»,- ասաց մասնագետը՝ հավելելով, որ այս փոփոխությունները տեղին են և հետագայում նման տարակարծիք մեկնաբանությունների տեղիք չեն տալիս, ինչպիսին տալիս է գործող Սահմանադրության 31-րդ հոդվածը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել