Սահմանադրական բարեփոխումների քննարկումից առաջ պատգամավորները հարցեր ուղղեցին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին: ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նշեց, որ խորհրդարանում են նախագահականի իրավաբանները, նա հետաքրքրվեց. «Ինչո՞ւ հենց Սերժ Սարգսյանը չի գալիս ԱԺ՝ այս նախագիծը ներկայացնելու, ինչպես դատավճռի ժամանակ…»,- պատգամավորը խոսքը չհասցրեց ավարտել, քանի որ նրա խոսափողը անջատեցին:
Գալուստ Սահակյանը կարճ արձագանքեց. «Ի՞նչ ասեմ՝ խելքի աշեցե՛ք, մեկին տվել է, մյուսին չի տվել»:
Թե ինչու հենց Սերժ Սարգսյանը չի եկել՝ ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյանը պարզաբանեց, որ ըստ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի՝ ԱԺ-ում սահմանադրության նախագիծը ներկայացնում է ՀՀ նախագահի ներկայացուցիչը:
Պատգամավոր Հրանտ Բագրատյանը հարց բարձրացրեց, թե նոր Սահմանադրության ո՞ր տարբերակն է քննարկվելու ԱԺ-ում. «Այդ սահմանադրության տարբերակները ամեն օր փոխվում են Արդարադատության նախարարության կայքում: Մեզ ասեք, որ մոմենդն ա, որ ասվում է ստոպ ու քննարկվում է: Հիշում եմ առաջին տարբերակի մեջ խայտառակ փոփոխություններ կան»,- նշեց նա:
ԱԺ նախագահը պարզաբանեց, որ վերջնական տարբերակն արդեն բաժանված է պատգամավորներին:
Պատգամավորներից Արամ Մանուկյանը հետաքրքրվեց, թե ո՞րն է պատճառը, որ նոր Սահմանադրությունը շատ արագ ուզում են ընդունել: Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ երեք տարին չի համարում շատ արագ ընթացք: