Բելգիայում քաղաքական ապաստան ստացած, ընդդիմադիր գործիչ Գրիշա Վիրաբյանն այսօր լրագրողների հետ զրույցում մանրամասնեց ՄԻԵԴ-ում հաղթած քրեական գործի զարգացումների մասին:
Գրիշա Վիրաբյանը, նախ նշեց, որ նախապես հրավերք է ուղարկել նաև «խնամիներին»` Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանին, որպեսզի «կողք-կողքի նստած խոսեն խնդրի մասին», բայց քանի որ նա չի ներկայացել, նորից ստիպված է ինքը խոսել այս մասին:
Գրիշա Վիրաբյանը նշեց, որ այն, ինչ ասել է 2004 թվականին նույնը կրկնում է և պատրաստ է նույնը կրկնել նաև ոստիկանապետի ներկայությամբ. «Ես այն ժամանակ չգիտեի, որ Աշոտ Կարապետյանը հետագայում կդառնա Երևանի ոստիականապետ կամ կստանա գեներալի կոչում, որ իր դեմ որպես բարձրաստիճան պաշտոնյայի վատ տրամադրված լինեի»:
Պարոն Վիրաբյանը փորձեց լրագրողների միջոցով մի հարց ուղղել Աշոտ Կարապետյանին` ինչու՞ ՄԻԵԴ-ի վճռից հետո, երբ ոստիկանապետի անունը շեշտվեց, որպես հիմանական մեղավորի, 6 ամիս ժամանակ տրվեց իշխանություններին՝ վճիռը բողոքարկելու համար, սակայն այդպես էլ վճիռը չբողոքարկվեց.
«Այսինքն իրենք այդ կերպ ընդունեցին իրենց մեղքը, բայց հիմա երբ պահանջում եմ պատժել նրան, Աշոտ Կարապետյանը փորձում է արդարանալ»:
Գրիշա Վիրաբյանի գործի մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղումով:
Զառա Մանուչարյան