Դատավորը նիստ է նշանակել ու մեկնել արձակուրդ

Երբ քաղաքացին դատարանում հանդես է գալիս որպես պատասխանող կողմ և չի ներկայանում, դատարանը կարող է միջոցներ ձեռնարկել, այսինքն` քաղաքացու նկատմամբ կարող են հետախուզում հայտարարել, պարտադիր բերման ենթարկել: Իսկ երբ դատավորը նիստ է նշանակում և չի ներկայանում դատարան, ոչ մի պատասխանատվություն դատավորի համար նախատեսված չէ: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում նշում է իրավաբան Արսեն Մկրտչյանը:
«Խոսքս Աջափնյակ և Դավթաշեն ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարգարիտա Հարթենյանի մասին է: 2 տարվա ընթացքում անձամբ իմ հետ, իմ վստահորդների հետ խնդիր է եղել, երբ դատավորը նիստ է նշանակում այն օրը, երբ նախապես գիտի, որ ինքն այդ օրը լինելու է արձակուրդում»,- նշում է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԱԴԴ/13/08/02/11 քաղաքացիական գործով զբաղվող իրավաբանը (վերջինս լիազորվել էր այդ գործով զբաղվել նախքան «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին (ընդունված է 2011 թվականի դեկտեմբերի 8-ին) օրենքի նոր շարադրումը (հոդված 5, կետ 3)` սույն հոդվածով նախատեսված դատական ներկայացուցչությունը կամ դրա կազմակերպումը որպես պարբերաբար կամ վճարովի հիմունքներով մատուցվող ծառայություն կարող է իրականացնել միայն փաստաբանը: Ինչպես նաև Քաղաքացիական օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կատարելը):

Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԱԴԴ/13/08/02/11 քաղաքացիական գործով օգոստոսի 14-ին նշանակված դատական հերթական նիստը չի կայացել, քանի որ դատավոր Մարգարիտա Հարթենյանը մեկնել է արձակուրդ:
«Հասունացել է նաև դատական նիստին անհարկի չներկայացող դատավորին պատասխանատվության ենթարկելու ժամանակը: Եթե դատավոր են, ապա պարտավոր ես քո մասնագիտական պարտավորությունները կողմերի առջև կատարել,- ասում է Արսեն Մկրտչյանն ու հավելում, որ դատարան գալու համար քաղաքացին ծախս է անում` մարզերի դեպքում առավել ևս, գալիս հասնում է դատարան, դատավորը չկա: Նման դեպքում էլ ի˚նչ արդար դատաքննության մասին ենք խոսում»…
Իրավաբանի խոսքով` երբեմն քաղաքացիների համար դրանք ճակատագրական են. «Օրինակ իմ գործով, կա վստահորդ, որը վատառողջ է: Լավ ասեք, թե արձակուրդ է մեկնել կամ սեմինարի է կամ վատառողջ է, օգնականին էլ նեղություն չի տալիս, որ զանգեն ու կողմերին տեղեկացնեն, որ դատարան չգնան»:
Արսեն Մկրտչյանի խոսքով` ժամանակն է օրենսդրական մակարդակով այս հարցին լուծում տալ:


Նունե Հովսեփյան

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել